Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

«Քննարկել ենք, և դա մնացել է նույնը»․ Արթուր Սաքունցը՝ օտարերկրացիների՝ Հայաստանում հող ունենալու արգելքը վերացնելու մասին

Հունիս 01,2026 14:34 Share

Նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատանքները դեռ ավարտված չեն, նախագիծը պատրաստ չէ․ Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Սա պատասխանն էր հարցին՝ ինչո՞ւ մինչև ընտրությունները չի հրապարակվում նոր Սահմանադրության նախագծի տեքստը։

Դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում էր, որ մարտի վերջին նախագիծը պատրաստ կլինի, Արթուր Սաքունցն ասաց․ «Սրբուհի Գալյանն ասում էր, բայց իրապես չենք հասցրել Սահմանադրության ամբողջ տեքստը քննարկել, առաջարկություններ անել, որպեսզի ունենանք տեքստ։ Ես միշտ էի ասում, զուգահեռ, որ մարտի վերջին հնարավոր չէ»։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության նախագծի պատրաստ լինելու հարցը էապես և մեծապես պայմանավորված է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով․ «Որովհետև, վերջին հաշվով, շարունակելու համար պետք է տեսնենք, թե ով է իշխանություն ձևավորում։ Եթե շարունակվի, ապա, կարծում եմ, մինչև տարվա վերջ ամենալավագույն տարբերակը կլինի, որ և՛ տեքստը լինի, և՛ նաև հայեցակարգը։ Զուգահեռ հայեցակարգն էլ պետք է մշակվի»։

«Կա Սահմանադրության փոփոխության նախագիծ, որն այս իշխանությունները գաղտնի են պահում»,- օրերս հայտարարել էր «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ըստ քաղաքական գործչի ունեցած տեղեկությունների՝ խոսքը ոչ միայն Անկախության հռչակագրին վերաբերող հատվածների, այլև օտարերկրացիների՝ Հայաստանում հող ունենալու արգելքը վերացնելու մասին է։ Սա հնարավորություն է տալու Հայաստան վերադառնալու հավակնություններ ունեցող ադրբեջանցիներին՝ սեփականության իրավունքով հող գնել մեր երկրում։

Նա նաև փոխադարձ հորդոր էր հղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին՝ ապահովել իրական թափանցիկություն և հրապարակել պատրաստած նոր Սահմանադրության նախագծի տեքստը հունիսի 7-ի ընտրություններից առաջ։

«Ամբողջովին ճիշտ չի։ Անգամ սահմանադրական կարգի հիմունքներն ու նախաբանը չենք հասցրել քննարկել։ Դատական իշխանության մասն էլ լիարժեք չենք քննարկել։ Կա նաև տեղական ինքնակառավարման մասը։ Այսինքն, եթե որևէ կոնցեպցիա վերցնում են մտացածին ու դրա հիմնավորման համար բերում են գոյություն չունեցող փաստարկներ, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ հստակ է՝ հողի սեփականատեր կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները․ «Քննարկել ենք, և դա մնացել է նույնը։ Չգիտեմ՝ դա որտեղից է վերցրել»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930