«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Արմավիրում հյուրընկալվեցին եզդիական համայնքին։
Մայրենի լեզվով հանդիպմանը եկած բազմաթիվ իր հայրենակիցներին դիմելուց հետո «Եզդիների տուն. ազգային շարժում» նախաձեռնության հիմնադիր, իրավապաշտպան Այսեր Իսայանը խոսքը շարունակեց հայերենով. «Ես հայոց լեզուն շատ եմ սիրում։ Բայց մայրս իմ օրորոցայինը եզդիերեն է ասել։
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության, Սուրեն Պետրոսյանի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ Հայաստանի հինգ մարզերում, որտեղ եզդիները խիտ են բնակեցված, համայնքում պարտադիր պետք է լինի եզդի ներկայացուցիչ։ Եվ այսօրվա ծրագրով պարոն Սիաբանդ Սադոյանին, որը դեռ 89-90 թվականներից ունի անցած փառապանծ մարտական ուղի, մենք բոլորս կարող ենք պահանջատիրոջ իրավունքով առաջադրել որպես Արմավիրի փոխմարզպետ»։ Առաջարկը ընդունվեց միաձայն։
Սուրեն Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ համայնքի հետ այս երկրորդ հանդիպումը ապագայի նկատմամբ համատեղ տեսլականը քննարկելու և միասնական ճանապարհով գնալու լավ հնարավորություն է։
«Մենք մինչև այստեղ հասնելը այցելեցինք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Սարդարապատը շատ կարևոր խորհուրդ է պարունակում մեր և մեր բարեկամ ազգերի համար։ Ես համացանցում հաճախ եմ անդրադառնում մեր անցյալին, պատմությանը, ինքնությանը և տեսլականին։ Սարդարապատին նվիրված թողարկման ժամանակ առանձնահատուկ անդրադարձ եմ կատարել մեր բարեկամ եզդի ժողովրդին, թե մենք միասին, ուս-ուսի տված, նաև միախառնելով մեր արյունը, ինչպես ենք կարողացել պաշտպանել, պահպանել մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր ինքնությունը։
Հայերը, եզդիները և մյուս ազգային փոքրամասնությունները միասին են ներկել մեր Եռագույնի կարմիր գույնը։ Մեր արյունները միահյուսվում են։ Եվ սա շատ կարևոր է։
Այս հանդիպումը որևէ կերպ նախընտրական կարճաժամկետ խոստումների մասին չէ, մեկս՝ մյուսին հավելյալ թվեր ստանալու համոզելու մասին չէ։ Մեր հանդիպման իմաստը այլ բանի՝ մեր տեղի ու դերի ամբողջությամբ վերաիմաստավորման մասին է։ Մեր խորին համոզմամբ, մասնավորապես, եզդիական համայնքը, որը մեր հետ հավասար արյուն է թափել մեր հայրենիքի, մեր պետության համար, համարժեք չափով ներգրավված չէ մեր պետականաշինության գործում։
Մեծ-մեծ խոստումներ տալու ճանապարհով մենք չենք գնում։ Մեր ժողովուրդները դրանից միշտ շատ են տուժել։ Դրա համար մենք գնում ենք ամբողջովին նոր ճանապարհով։ Արդյո՞ք մենք, այստեղ նստածներս, պատրաստ ենք փոփոխության և ամենակարևորը՝ պատրա՞ստ ենք մեր մասնակցությունը ցուցաբերել։
Մենք կարող եք ասել, որ մեր իշխանության ժամանակ մենք եզդիական համայնքի համար կանենք այս, այն, բայց ոչ մեկը չի կարող ավելի լավ ներկայացնել եզդիական համայնքի խնդիրները, եզդիական համայնքի շահերն ավելի լավ չի կարող սպասարկել, քան հենց եզդի ժողովրդի զավակները։
Հետևաբար, պետք է ոչ թե հատվածային խոստումներ տալ, որից կօգտվեն մի քանի մարդիկ, այլ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի սեփական կյանքի, միջավայրի ձևավորման, կառուցման մեջ հենց համայնքը անմիջականորեն ներգրավված լինի։ Եվ սա ամենակարևորն է, որի նախադեպը երբեք չենք ունեցել։
Մեր առաջարկը հետևյալն է. որ մենք կարողանանք այս ճանապարհը անցնել միասին և վերանայենք մեր ընդհանուր ապագան՝ պետականաշինության մեջ շատ կարևոր դեր տալով եզդիական համայնքին։ Մենք այս ճանապարհին ակնկալում և հայցում ենք ձեր բոլորի աջակցությունը»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հանդիպման ավարտին կուսակցության և եզդիական համայնքի ներկայացուցիչները Արմավիր քաղաքում բուկլետներ բաժանեցին քաղաքացիներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































