«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով ու բառերով չես զարմացնի։ Արաբկիրի ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը երկու տարի հետո հասկացել էր՝ ով է այս մարդը և ովքեր են այս մարդիկ։ Եվ 2021 թվականի առաջիններից մեկը հենց Արաբկիրն է մերժել փոքրիկ խմբակին»,- համայնքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց՝ ինչ գրքերում կարդացել էինք, եկավ մեր գլխին՝ համաճարակ տեսանք, պատերազմներ տեսանք, երկրի մեջ խժդժություն տեսանք, տեսանք, թե ինչպես է հայը հային ատում։ «Ու մի բան ես հասկացա, որ եթե ուզում ենք՝ մեր երեխաներն այս ամեն ինչը չտեսնեն, մենք պետք է երկրի մոդելը փոխենք։ Մեր հանրապետությունն ամենաթանկ բաներից է, որ ունենք, մեր անկախությունն ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալու մենք որոշենք՝ ինչպես ենք շարժվելու։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու, մեզ պետք է նոր մոդելի պետություն։ Ուրիշ տեսլական է մեզ սպասվում, այնպիսի տեսլական, որ ամբողջ Հայաստանն ունենա Արաբկիրի պես իրավագիտակցություն, որ ամբողջ Հայաստանին մենակ ասֆալտով չխաբեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանն էլ իր ելույթում կոչ արեց մասնակցել ընտրություններին։ Նրա խոսքով՝ շատ անհրաժեշտ է աշխատանք տանել այն ընտրողների հետ, ովքեր սովորաբար չեն գնացել ընտրության, որպեսզի նրանք գնան ընտրության։
«Այսինքն՝ երբ հայ մարդը հասկանա, որ իր ձայնից բան է կախված, համոզված եմ՝ միանշանակ գնալու է։ Երբ հայ մարդը հասկանա, որ իր ձայնի համար հետո պատասխան է տալու սերունդների առաջ, միանշանակ կգնա։ Փոքրիկ խմբակն անընդհատ տարածում է, որ մասնակցությունը քիչ է լինելու, իրենք շատ վախենում են մեծ թվից։ Հենց մեր ժողովուրդը գնաց ընտրության, հիշո՞ւմ եք Հունգարիայի պատմությունը․․․ Այսպես թե այնպես տարբերակ չունեն արդեն, բայց այդ դեպքում շատ ավելի հաստատակամ կլինի»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































