«Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես մեր հայրենիքը փոքրացրած ղեկավար։ Այս ընտրական պայքարն այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ անխիղճ պատերազմի։ Պատերազմող տղա էիր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ»,- Տավուշի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ պետք է համախմբվել ու հեռացնել այս բևեռացումը երկրում, ընտրական պայքարից հետո պետք է լինել մեկ բռունցք դարձած ժողովուրդ, որի գլխավոր նպատակը պետք է լինի զարգացնել մեր երկիրը, դարձնել անվտանգ։
«Տավուշի մարզը սահմանակցում է Ադրբեջանին։ Շատ մեծ վտանգ կա, որ, հայաթափելով սահմանամերձ գյուղերը, մենք շատ գյուղեր կկորցնենք, դրա համար մենք շատ արագ պետք է լուծենք այս իշխանության հարցերը, որպեսզի իրենք չկարողանան Ալիևի հետ պլանավորած իրենց բոլոր ցանկությունները կատարել։ Ես վստահ եմ՝ առաջին հերթին ադրբեջանցիները լցվելու են սահմանամերձ շրջաններ։
Դուք գիտեք, որ Ադրբեջանում չկա բնություն, Ադրբեջանի ամենալավ բնությունը մեր թողած Շահումյանի շրջանն է, հիմա արդեն Արցախը նվիրեցինք իրենց, և Արծվաշենն է։ Ադրբեջանն անիմաստ բնություն ունեցող երկիր է, դրա համար իրենց աչքը լինելու է մեր ամենասիրուն տարածքների վրա, ինչի համար մենք պայքարելու ենք, ոչ մի 300 հազար ադրբեջանցի չենք թողնելու մտնեն Հայաստան»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Կարդացեք նաև
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը խնդիր է դրել տանել բացարձակ հաղթանակ։
«Մենք Տավուշը պետք է դարձնենք ամբողջ աշխարհի տուրիզմի կենտրոններից մեկը։ Մենք այսքան գլուխ ենք գովում՝ Դիլիջան, Դիլիջան, բայց ի՞նչ ենք արել Դիլիջանի համար, ոչ մի բան չենք արել, մի երկու հատ ռեստորան ենք բացել, բայց տուրիստներ չկան։ Հայաստան մտած տուրիստների ընդամենը մեկ տոկոսն է հասնում Դիլիջան, այդ թիվը միլիոնների պետք է հասցնել։ Մեր ծրագրով 1 մլրդ դոլար ենք ներդնելու տուրիզմի ոլորտում, որից 500 մլն դոլարն ուղարկելու ենք մարզեր։ Գլխավոր շահառուն իր հնարավորություններով լինելու է Տավուշի մարզը»,- նշել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը Տավուշի բնակչությանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրերը և պատասխանել նրանց հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































