«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ ԳՇ պետի ստորագրությամբ գրությամբ է տեղեկացել, որ 2020 թվականին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն այն ժամանակվա ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ է հանձնվել թշնամուն։
«2020 թվականի դեկտեմբերի 17, 18. հայկական զինված ուժերի մոտ 15-20 կմ հետ քաշվելուն հաջորդեց Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը ադրբեջանցիներին հանձնելը:
Դեռ 2020 թվականին մեծ աղմուկ բարձրացավ՝ ինչպես է տեղի ունեցել այդ գործողությունը, ինչու հայկական զորքերը հետ քաշվեցին, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հատուկ կետով նշված է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են, ինչու ճանապարհը հանձնվեց թշնամուն»,- դեպքերի ժամանակագրությունը հիշեցրեց Գեղամ Մանուկյանը:
Նա պատմեց, որ երկար ամիսներ ինքն ու պատգամավոր Աննա Գրիգորյանը տարբեր գերատեսչություններին հարցումներ են ուղարկել՝ պարզելու, թե ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա է դա տեղի ունեցել. «Մինչև ԳՇ պետի ստորագրությամբ ստացա գրություն, որ այդ ամենը տեղի է ունեցել փաստաթղթի հիման վրա, զորքերը հետ են քաշվել Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա:
Կարդացեք նաև
Այստեղ կա կարևոր մի բան՝ ՀՀ անունից ՊՆ նախարարը ստորագրել է փաստաթուղթ, և ԱԳ նախարարը, ԳՇ պետը տեղյակ չեն եղել բովանդակությունից: Միայն Նիկոլ Փաշինյանի գիտությամբ Վաղարշակ Հարությունյանն այդ ժամանակ ստորագրել է: Այնքան վիզը ծռած վիճակում էր այդ օրվա Հայաստանի իշխանությունը, որ նույնիսկ չհամարձակվեց այդ փաստաթղթի բոլոր կետերը պահպանելու շնորհիվ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները պահել մեր սահմանապահ զորքերի, զինված ուժերի վերահսկողության տակ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































