Հունիսի 2-ին Կարս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպում։ Այն կայացել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
Բացման խոսքում Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ Կարսը պատմության ընթացքում եղել է առևտրային ուղիների կարևոր կենտրոններից մեկը՝ ընդգծելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության նշանակությունը։
Ըստ նրա՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար ու հույս է հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորմանը։
«TOBB»-ի վարչության անդամ և Էրզրումի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը նշել է, որ գործարար աշխարհը կարևոր դեր ունի երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ նրա՝ թուրքական ընկերությունների հաջողությունները միջազգային նախագծերում տարածաշրջանային համագործակցության շնորհիվ կարող են էլ ավելի մեծանալ։
Կարդացեք նաև
Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։
«Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող անմիջական առևտրային հնարավորությունները կարող են օգտակար լինել երկու երկրների համար»,- հայտարարել է Դարբինյանը։
Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերն էլ նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։
«Հույս ունենք, որ 2026 թվականը կդառնա այն տարին, երբ այս նպատակները կվերածվեն իրականության։ Գործարար շրջանակների համագործակցությունը կնպաստի մեր հարաբերությունների ամրապնդմանը», նշել է Ուզերը։
Պաշտոնական ելույթներից հետո թուրք և հայ գործարարները փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նոր առևտրային կապերի հաստատման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
Ermenihaber.am


















































