«Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» պահանջի շուրջ միավորված քաղաքացիները երթ են իրականացնում Երևանում։ Նրանք նամակներ են հանձնում տարբեր երկրների դեսպանատներին՝ ի պաշտպանություն ավելի քան 15 օր հացադուլի մեջ գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի, որի կյանքին ու առողջությանը լուրջ վտանգ է սպառնում ներկայումս։ Երթի մասնակիցները կրում են «Ազատություն Արթուր Օսիպյանին», «Լռել՝ նշանակում է խրախուսել» բովանդակությամբ պաստառներ։
Նամակում նշված է. «Մենք՝ քաղաքացիներիս խումբը, դիմում ենք ձեզ՝ խնդրելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք, մեր համոզմամբ, օգտագործում են պետական լծակները քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու նպատակով, ինչը հանգեցնում է երկրի շեղմանը ժողովրդավարական սկզբունքներից և ամրապնդում է ավտորիտար միտումները»։ Նաև ընդգծվում է, որ գործող իշխանություններին աջակցելը նշանակում է ուղղակիորեն հովանավորել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բռնաճնշումները։
Հավելենք, որ մի խումբ ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը, ինչպես նաև դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ երաշխավորելով նրա բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Կարդացեք նաև
Քաղաքացիական ակտիվիստ Գեղամ Օհանյանն էլ Օսիպյանին ազատ արձակելու պահանջով շուրջօրյա նստացույց է իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Օսիպյանի լուսանկարը՝ Մանվել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































