Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

Հունիս 03,2026 15:59 Share

«Մենք իսկապես կանգնել ենք մի ճամփաբաժանի առաջ եւ ընտրություններում ցույց ենք տալու Հայաստանի ապագան աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով։ Սա իրականություն է, որտեղ հաղթող ուժից շատ բան է կախված լինելու»,- գնահատելով քարոզարշավի ընթացքը եւ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի տեսլականները՝ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

«Ես ուզում եմ հասկանալ, թե ութ տարում ինքը ի՞նչ է արել, որ ասում են՝ հակառուս է։ Ոնց եկել է, ինչ կառույցների անդամ էինք՝շարունակում ենք մնալ, մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից 2,5 անգամ շատացել է։ Այո, մի քանի անգամ խոսել է Ռուսաստանի դեմ։ ՀԱՊԿ-ի անդա՞մ ենք, իհարկե։ Բայց ավելի վատ կարգավիճակով անդամ ենք։ Եթե առաջ մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ էինք, հնարավորություն ունեինք գոնե ենթադրել, որ մի օր կարող է ՀԱՊԿ-ը մեզ օգնել;։ Հիմա սառեցված անդամությամբ մենք ոչ մեկին պետք չենք։ Այսինքն, Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս, որ պատրվակ բռնելով, որ մենք ինքներս ենք սառեցրել մեր կարգավիճակը, չօգնի։ Բայց մնալով որպես ՀԱՊԿ-ի անդամ՝ հնարավորություն չենք ստանում Արեւմուտքի հետ զարգացնելու մեր ռազմաքաղաքական հարաբերությունները։ Իսկ դա իրական գետնի վրա կարեւորագույն՝ ռազմաքաղաքական անվտանգության հիմքն է։

Իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի եւ Սամվել Կարապետյանն ընտրվի, ապա, պետությունները իրենց արտաքին քաղաքականությունը որոշում են ոչ միայն անձերի ցանկությամբ, այլ՝ իրողություններով։ Իսկ իրողությունը հետեւյալն է. կա նահանջող եւ թուլացող Ռուսաստան։ Ռուսաստանը լավ է հասկանում, որ ինքը չի կարող պահել այս տարածաշրջանը։ Եվ մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք մշտապես ասել ենք, որ այս օրը գալու է, եկեք պատրաստվենք, որպեսզի Թուրքիան չգա Հայաստան։ Որովհետեւ Ռուսաստանի փոխարինելը Թուրքիայով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե արեւմտյան կողմնորոշում է, մեզ համար շատ ավելի վատ է լինելու։ Եթե մենք ռուսներից նեղանում ենք, եւ տեղ ունենք նեղանալու, որ իր պարտականություններն ու պարտավորությունները չի կատարում, Թուրքիան այլ պարտավորություններ ունի, բացարձակ հակահայկական պարտավորություններ։ Եվ իրենք բազմիցս են ասել՝ Էրդողանն էլ, Ալիեւն էլ։ Հայտարարել են, որ Հայոց պետականությունը իրենց համար ընդունելի չէ։

Եվ դրա մեջ 300 հազարի հարցն է։ Հիմա իշխանությունն ուզում է ցույց տալ, որ նման բան չկա, դա ընդդիմությունն է խոսում։

Ո՞նց չկա։ Ես այս թեմայով հատուկ հաղորդում ունեմ, որտեղ ներկայացնում եմ փաստաթղթերով։ Մարդիկ ՄԱԿ-ում այս հարցը բարձրացնում են, ՄԱԿ-ում ամենաբարձր մակարդակով դրված է 300 հազարի վերադարձի մասին հարցը, մեր դեմ այս հարցով ունեն դատական հայցեր, իշխանությունը ամենաբարձր մակարդակով՝ Ալիեւ եւ մյուսներ, ոչ միայն անընդհատ խոսում են, այլեւ կառույցներ են ստեղծել, «Արեւմտյան Ադրբեջանի» համայնք սարքեցին, որը պետության կողմից ֆինանսավորվում է բազմամիլիոն դոլարներով։ Տարբեր լեզուներով հսկայական քանակությամբ գրքեր են տպում, հեռուստահաղորդումներ են կազմակերպում։ Այսինքն, ամեն օր նրանք ցույց են տալիս, իբր այս տարածքը իրենցն է եւ ուզում են։

Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, իսկ հունիսի 17-18-ին Օրդուբադում տեղի է ունենալու «Արեւմտյան Ադրբեջան» համայնքի եւ պետության կողմից, իրենց ասելով՝ համատեղ գիտաժողով, որտեղ էլի խոսվելու է, այսպես կոչված, վերադարձի մասին։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ոչինչ։ Պետք է հակադարձի, պայքարի ստի դեմ։ Լռությունը միջազգային հարաբերություններում նշանակում է համաձայնություն։

Անցած տարի ամռանը Ստամբուլում կայացավ իսլամական պետությունների համագործակցության համաժողով, որտեղ Ալիեւի վարչախմբի առաջարկությամբ 57 իսլամական երկիր որոշում է ընդունել, որ Հայաստանը ոչնչացնում եւ յուրացնում է իսլամական մշակութային օբյեկտները։ Եվ հստակ գրվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան ապահով եւ արժանապատիվ վերադարձի մասին։

Կա այս ամբողջը հռետորաբանության մեջ, միջազգային փաստաթղթերում, ներքին օրենսդրության մեջ։ Եվ կրկնում եմ, Հայաստանի մեղավորությունը լռության մեջ է։ Եթե պետությունը չի հակադարձում, չի պայքարում ստի դեմ, ո՞ւմ է պետք այս իշխանությունը»,-ասաց Արա Պապյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930