Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ապօրինի կալանավորման հերթական դրվագն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է այս իշխանությունը վախենում մեր քաղաքական ուժից»․ Գոհար Մելոյան

Հունիս 03,2026 18:33 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի ձերբակալումն ու կալանավորումը ապօրինի է։ Այս մասին այսօրվա երթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։

«Սա հերթական դրվագն է, թե ինչպես է այս իշխանությունը վախենում առաջին հերթին մեր քաղաքական ուժից։ Երկրորդը, սա ցուցիչ է, որ այս իշխանությունն ունի գիտակցում, որ օրինական, լեգիտիմ եղանակով հնարավորություն չունի այս ընտրություններում հաղթելու։ Միայն այս ազատազրկման դրվագը չէ, մեր քաղաքական ուժի հարյուրավոր գործընկերներ բերման են ենթարկվում, կալանավորվում են։ Բայց, ինչպես տեսնում եք, մեր շարքերը գնալով նոսրանալու փոխարեն համալրվում են»,- ասաց Մելոյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում հարուցված քրեական գործերի դրվագները դառնալու են դասագրքային օրինակներ, թե ինչ չի կարելի անել իրավական պետությունում։

«Դասական քաղաքական հետապնդումներին մնաց մի քանի օր, պարոն Ալեքսանյանն ամուր դիրքերում սպասում է հուլիսի 7-ի հաղթական արդյունքներին։ Ես կրկին պնդում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններից սկսած, վերջացրած ազատազրկումներով ու կալանքներով, այս ամենը մեկ նպատակ ուներ՝ սպասարկել օրվա իշխանության քաղաքական շահը, որպեսզի մեր անունը կապեն ինչ-որ մտացածին կաշառքի հետ։ Իսկ ես կրկին հայտարարում եմ՝ մեր քաղաքական ուժը կաշառք տալու խնդիր չունի, մենք ունենք հանրային սեր ու աջակցություն, ինչի՞ համար կաշառք տանք։ Երբ պարոն Կարապետյանը շուրջ 7 ամիս ազատազրկված էր, տասնյակ հազարավոր մարդիկ եկել, անդամակցել են մեր ՀԿ-ին, այնուհետև՝ քաղաքական ուժին։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մեջ նորություն է, որ նորածին կուսակցությունն այսքան լայնամասշտաբ հանրային աջակցություն կարող է ունենալ»,- նշեց Գոհար Մելոյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը երթ է իրականացնում դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու հանրահավաք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930