Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատ ընտանիքները զրո դրամ են վճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար»․ Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի նոր ծրագրի մասին

Հունիս 04,2026 22:40 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նոր ծրագիր է ներկայացնում, ըստ որի՝ Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կլինեն անվճար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Դիմելով ընտրողներին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Հինգ տարվա ընթացքում մենք ունենք մեծ աշխատանք՝ մեր երկիրն արդյունաբերականացնելու համար, մեր երկրում ծվարած աղքատությունը հաղթահարելու համար։ Մեր երկրում այսօր 650 հազար մարդ ապրում է աղքատության մեջ, և դրա հաղթահարման համար մեր գլխավոր նպատակն աշխատատեղերի ստեղծումն է։ Նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց նպաստների տրամադրումն է՝ ամսական 150 հազար դրամի չափով։ Մենք նոր ծրագիր ունենք, որը ձեզ ներկայացնելու ենք՝ աղքատ ընտանիքների համար լինելու է էլեկտրաէներգիայի և ջրի վճարի սուբսիդիա, և աղքատ ընտանիքները զրո դրամ են վճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար։ Դա արվելու է և՛ պետական, և՛ մասնավոր միջոցներով»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցին, թե հաղթանակ չունենալու դեպքում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան և գործել Հայաստանում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Սամվել Կարապետյանն ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան։ Հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, ելք այս աղքատության ճիրաններից, և ազատություն լինի այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքը հայտնել։ Դա է մեր ծրագիրը և այն ճանապարհը, որով մենք գնալու ենք»։

Արձագանքելով բանավեճին մասնակցող ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Դուք էլի խոսում եք մարդկանց սահմանափակելու մասին, հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին։ Մենք այստեղ բոլորս, ձեզանից զատ, պետք է խոսենք հայերին միավորելու մասին։ Հայկական հրաշալի ուղեղները միացնելով՝ մենք կարող ենք վերակառուցել մեր երկիրը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930