Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
Հունիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։
Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ընտրական գործընթացներում հաստատության մանդատին առնչվող գործառույթները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքի մեթոդաբանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին՝ ընդգծելով, որ շարունակաբար արձանագրվում են մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տարբեր դրսևորումներ։
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն հավասար և միասնական չափանիշներով՝ բացառելով ընտրովի մոտեցումները։ Այդ համատեքստում Պաշտպանն ընդգծել է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը նախընտրական ժամանակահատվածում պետք է լինի առավել զգայուն և մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդիրը: Անահիտ Մանասյանը նշել է, որ կալանքը, օրինակ, հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Նախանշվել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հետագա ուղղությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

















































