«Միասնության թեւեր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց չվախենալ եւ մասնակցել ընտրությանը՝ հիշեցնելով, որ քվեարկությունը գաղտնի է։
Թաթոյանը Վարդենիսի բնակիչներին ներկայացրեց իրենց ծրագրերը՝ ընդգծեց հատկապես երիտասարդների համար նախատեսված կրթական ծրագիրը, բազմազավակ ընտանիքների վերաբերյալ ծրագրերը։ «Հանկարծ չմտածեք, չնեղվեք, ամեն ինչ լավ է լինելու։ Միայն մտածեք, որ հունիսի 7-ին մենք պետք է մեր երկրի համար պատմական որոշում կայացնենք, սա մեզ համար պատմական կարեւորագույն ընտրություն է՝ հանուն մեր պետականության պետք է ի վերջո լուծենք մեր բոլոր հարցերը, եւ կարողանալու ենք»,- ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ Վարդենիսում ամենաառանցքային հարցերից է անվտանգության հարցը։ «Ես շատ եմ եկել Վարդենիսի գյուղեր, երբ Վարդենիսում 2021 թվականի մայիսին ներխուժումներ եղան, ամեն օր գալիս-գնում էինք, փաստահավաք աշխատանքներ էինք իրականացնում։ Դրանից հետո էլի եղան ներխուժումներ։ Ես միշտ միջազգային դատական ատյաններում ներկայացրել եմ Վարդենիսի հարցերը, միջազգային բոլոր ատյաններում միշտ քննարկվել են, մենք այս վերջում էլ ներկայացրեցինք եւ միջնորդություններ, եւ նաեւ Մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել, որոնք Վարդենիսին են վերաբերում։ Ամեն ինչ անելու ենք՝ միջազգային օրակարգը մեր խնդիրներով լցնելու համար։ Ես ուզում եմ վարդենիսցիներին ասել՝ հանկարծ չմտածեք, հանկարծ չնեղվեք որեւէ հարցում, բոլոր հարցերի լուծումները կան։ Ամենագլխավոր խնդիրն այն է, որ մենք պրոբլեմ լուծող այսօր չունենք։ Եվ մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը կկարողանա լուծել մեր բոլոր պրոբլեմները։ Ես հատուկ ասում եմ՝ իմ ուշադրության կենտրոնում է լինելու հենց Վարդենիսը»,- ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ տեղի բնակիչների իրավունքների հարցերը սահմանազատման հարցերում առաջնային են։ Առանց նրանց իրավունքների ոչ մի պրոցես չի կարող առաջ գնալ։ «Գյուղացիների հարցերով՝ հողի մշակման, արոտավայրերի եւ այլն, մենք բողոքներ, գանգատներ ենք ներկայացնելու միջազգային կառույցներին։ Եթե ադրբեջանական զինվորն օկուպացրել է մի տարածք, ոչ միայն այդ տարածքն ենք հաշվելու, նաեւ հաշվելու ենք այն տարածքը, որ գյուղացին չի կարողանում մոտենալ իր հողին ու մշակել։ Մյուս խնդիրը ջրի աղբյուրների հարցն է՝ այն, որ ջրից զրկել են մարդկանց, դա հանցագործություն է, դրա մասին մենք առանձին դիմումներ, գանգատներ ենք ներկայացնելու։
Կարդացեք նաև
Երրորդ՝ մեր երեխաները չեն կարողանում ապահով գնալ դպրոցներ ու մանկապարտեզ, սա միջազգային բանակցությունների առանձին հարց է։
Մյուս հարցը անասնապահության հարցն է, մեր ժողովուրդը զրկված է այս վայրերում անասնապահության հնարավորությունից, ես անձամբ այդ բոլոր արոտավայրերում եղել եմ։
Մյուս հարցը ռազմավարական ճանապարհների հարցն է։ Սա է իրական խաղաղությունը, եթե մենք այս հարցերը հիմա չբարձրացնենք, հետո ամեն ինչ մեր վրա է ջարդվելու։ «Խաղաղության պայմանագրում» չկա սահմանազատման, մեր սահմանների հարցերը, դա նշանակում է՝ գրել սառույցին։ Մենք այս հարցը պետք է սարքենք բանակցությունների առարկա, իմ վարչապետության դեպքում այս բոլոր հարցերը միջազգային բանակցությունների առարկա են դառնալու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Թաթոյանը կոչ արեց մասնակցել ընտրություններին․ «Այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե մենք արտաքին ուժերի համար ենք ընտրություն կատարում՝ Մոսկվան ինչ կուզի, Ադրբեջանն ինչ կուզի, Բրյուսելն ու Վաշինգտոնն ինչ են ուզում։ Ժողովուրդ ջան, մենք պետք է մտածենք՝ Վարդենիսն ինչ է ուզում, Գավառը, Կապանը, Վանաձորը, Գյումրին, Երեւանը ինչ են ուզում։ Սա է ամենակարեւորը՝ մենք պետք է մեզ համար ընտրությունը կատարենք։ Ինչքան նայենք, թե այլ երկրներն ինչ են ուզում, մեզ անընդհատ զոհաբերելու են իրենց շահերի համար։ Իսկ եթե մենք աշխատենք մեր շահերի տեսանկյունից, պետք է աշխարհի վերցնենք ամենալավը մեզ համար։ Իմ մոտեցումը հետեւյալն է՝ մենք պետք է աշխատենք ոչ թե կամուրջներ վառելու ճանապարհով, այլ այդ կամուրջները կառուցելու ճանապարհով։ Ոչ թե ընդդեմ մեկի, այլ հանուն մեր երկրի պետք է աշխատենք, մտածենք, թե մենք ինչ ենք ուզում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































