Armat Media լրատվական գործակալությունում քննչական գործողություններ են ընթանում։ Լրագրողների հետ զրույցում Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը նշեց, որ խմբագրություն են մուտք գործել առանց համազգեստի մի խումբ մարդիկ, ներկայացել են ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, իրենց ցույց են տվել դատարանի որոշում այն մասին, որ իրավունք ունեն խուզարկելու Armat Media-ի խմբագրությունը։
«Առգրավել են իմ հեռախոսը, բոլոր աշխատակիցների հեռախոսները՝ այս պահի դրությամբ 11 հեռախոս, ներկայացրել են դատարանի որոշում, որ իրավունք ունեն այս հասցեում առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ, տարել են 2 համակարգիչ… Դատարանի որոշում էին ներկայացրել, որտեղ գրված էր, որ Armat Media-ի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքների մասնակցելու, նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ, խուզարկել են դարակները, և առաջինը հեռախոսներն ու համակարգիչներն են առգրավել։ Armat Media-ի աշխատանքը կաթվածահար է։ Մենք չենք կարող աշխատել, կայքն այս պահին չի կարող գործել, մենք չենք կարող ունենալ հաղորդումներ…»,- նշեց Աղավնի Սուքիասյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ պահանջել են իրենց հեռախոսների գաղտնաբառերը, սակայն ինքը և էլի որոշ աշխատակիցներ հրաժարվել են տրամադրել գաղտնաբառերը։
Քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում։
Աղավնի Սուքիասյանի խոսքով, ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ներկայացած անձինք չեն սպասել մինչև իրենց փաստաբանների ժամանելը։ Armat Media-ի խմբագիրը նաև նշեց, որ նրանք իրենց բերած կրիչը միացրել են խմբագրության աշխատանքային համակարգչին, ու հիմա մտավախություն ունի, որ գուցե ինչ-ինչ տեղեկատվություն են ներբեռնել իրենց համակարգիչ։
«Armat Media»–ի լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, սակայն իրավապահները խմբագիր Նելլի Ավետիսյանին չթույլատրեցին մտնել սենյակ։ Լրագրողների հետ զրույցում Նելլի Ավետիսյանը նշեց, որ առգրավել են նաև իրենց մոնտաժողների համակարգիչները, իրենց խմբագրակազմի արխիվը։
«Քանդել են համակարգիչները և հիշողության քարտերը տանում են։ Մոնտաժողների համակարգիչներում էլ բավականին շատ նյութեր կային ՀՀ–ում 300 000 ադրբեջանցու բնակեցնելու վերաբերյալ, հետաքննություններ էին արված, պատրաստի ռեպորտաժներ էին, կարծում եմ, որ դա էր պատճառը։ Ստացվում է, որ մենք չենք կարողանա հրապարակել այն նյութերը, որոնք կապված են մեր ժողովրդի ապագայի հետ»,– նշեց Ավետիսյանը։

Ի դեպ, Քննչական կոմիտեի ներկայացուցիչը լրագրողներին դուրս հրավիրեց եւ թույլ չտվեց լուսաբանել խմբագրության ներսում կատարվողը՝ հայտարարելով, որ քննչական գործողություններ են իրականացվում:
Ամբողջությամբ տեսանյութը
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































