Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է՝ ապօրինի ձերբակալված»

Հունիս 05,2026 20:00 Share

Հունիսի 5-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Նախընտրական մթնոլորտը և Արթուր Օսիպյանի գործը» թեմայով քննարկումը։

Բանախոսեցին Անահիտ Սիմոնյանը՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մհեր Կարագոզյանը՝ «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, և Սարին Հայրիյանը՝ քաղաքացիական ակտիվիստ։

Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հակասում է խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության սկզբունքներին։

Հասարակական կազմակերպությունները խորապես մտահոգ են Արթուր Օսիպյանի առողջական վիճակով, քանի որ արդեն 19 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ։

Սիմոնյանը նշեց, որ Օսիպյանի հնչեցրած մտահոգությունները, հարցադրումներն ու պահանջները, ինչպես նաև սոցիալական հարթակում արված գրառումները լիովին տեղավորվում են խոսքի ազատության և իրավունքի պաշտպանության պահանջի ներքո՝ դիտարկվելով որպես քննադատական խոսք, իսկ նրա հանդեպ ձեռնարկված հետագա գործողությունները հանդիսանում են իշխանության չարաշահում և քաղաքացուն լռեցնելու գործելաոճ։ Կալանավորումը հակասում է օրենքին և ռիսկային է Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության պաշտպանության համար։

Քրեակատարողական հիմնարկում նրա պահման պայմանները ևս խնդրահարույց են, քանի որ հակասում են միջազգային չափանիշներին։ Ավելին, արգելված են նրա մոտ ցանկացած տեսակի այցելությունները։

Սիմոնյանի խոսքով՝ նման գործելաոճը իրավապահ համակարգի հեղինակությունը նվազեցնում է։

Հայրիյանը նշեց․ «Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է՝ ապօրինի ձերբակալված։ Նա հասարակ մարդ է, տեղահանված արցախցի, պատերազմի մասնակից, և բնական է, որ նրա արժանապատվությունը պետք է խոցված լիներ, թույլ տվեք ասել, վարչապետի անբարո ձևակերպումներից հետո»։

Մհեր Կարագոզյանի ձևակերպմամբ՝ այս հարցի շուրջ մենք պետք է ունենանք և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատականներ։

«Որպես իրավապաշտպան՝ հենվելով փաստերի վրա, պետք է նշեմ, որ քաղաքական միջավայրում քաղաքացու կողմից հնչել է սուր հարց, որը վերածվել է բանավեճի, այնուհետև՝ վիճաբանության, հետագայում՝ քրեական գործի ու բանտարկության։ Պետական մարմնի առաջին արձագանքը չպետք է լինի քրեական հետապնդումը․ սա խայտառակություն է»,- ասաց Կարագոզյանը։

Քննարկման ավարտին Անահիտ Սիմոնյանը ընդգծեց․ «Խնդիրը հացադուլը չէ, խնդիրն այն է, որ ամբողջ գործընթացը անօրինական է․ հետևապես պետք է անհապաղ դադարեցնել Օսիպյանի հանդեպ քրեական հետապնդումը։ Այս պահանջը պետք է ուժի մեջ մտներ անգամ այն դեպքում, եթե հացադուլի փաստը չլիներ»։

Ամփոփելով նշենք, որ բանախոսները միաձայն էին, որ միջազգային գործընկերները ևս պատշաճ կերպով չեն արձագանքել իրավիճակին։

 

«Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930