Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ այս անգամ թավջութակ մասնագիտությամբ։ «Կուզեի բոլորիս շնորհավորել Արամ Խաչատրյանի ծննդյան և իր անվան մրցույթի բացման առիթով, որովհետեւ Խաչատրյանի անունը շատ ավելին է, քան պատկերացնում ենք։ Դրսում մեզ առաջին հերթին ճանաչում են մեր մշակույթով և մեր մշակութային գործիչներով»,- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած մրցույթի մեկնարկի ասուլիսին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«2003 թ. ամբողջ աշխարհը նշում էր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը, և մենք այդ ժամանակ որոշեցինք ամրագրել ինչ-որ բան, որը հենց Հայաստանում տեղի ունենա, որոշեցինք կազմակերպել Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը։ Եվ ես երջանիկ եմ, որ մեզ մոտ ստացվեց։ Այսօր 22-րդ մրցույթն է, որին մասնակցում են ամբողջ աշխարհից երաժիշտներ»,- նշեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը։
«Շատ երկար կարելի է խոսել Արամ Խաչատրյանի մասին և նրա անունը կրող մրցույթի մասին, բայց քանի որ ժամանակը սուղ է, 2 միտք եմ ձեզ հետ ուզում կիսել և ասել, որ շնորհիվ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործունեության և ԿԳՄՍ նախարարության աջակցության է կազմակերպվում մրցույթը։ Այդ մեծ թիմը կարողացավ հասնել նրան, որ Չինաստանում կազմակերպում են Արամ Խաչատրյան մրցանակաբաշխությունը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մենք Հայաստանում կազմակերպում ենք մրցանակաբաշխություն և տեղափոխում ենք Չինաստան, այն դեպքում, երբ հակառակը պետք է լիներ, բայց Հայաստանում մեզ դա բնորոշ է։ Այս տարի նոյեմբերին էլ երիտասարդական մեծ մրցույթ է սպասվում Չինաստանում։
Վերջին ժամանակներում աշխարհի տարբեր երկրներից գալիս են արվեստագետներ, մասնակցում համերգների՝ մեր Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին։ Դուք բոլորդ լավ գիտեք աշխարհի մեծագույն երաժիշտներից Լանգ Լանգին։ Նա վերջերս Երևանում էր և կատարում էր Ռախմանինովի երկրորդ կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»։ Մեզ թվում էր, որ դա կատարեց ուղղակի լավ տրամադրություն ստեղծելով Հայաստանում։ Սակայն իրականում նա միշտ դա կատարում է և ձայնագրություն ունի։ Այսինքն՝ Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունն ամենուրեք կատարում են աշխարհում, և շնորհիվ Խաչատրյանական մրցույթի՝ մոտ 8000 երաժիշտ սովորել են նրա կոնցերտները»,- հավելեց Սմբատյանը։
Կարդացեք նաև
Դիմելով դահլիճում ներկա մրցույթի մասնակիցներին՝ Արմեն Սմբատյանն ասաց, որ վստահ է՝ կանցնեն տարիներ, և մենք կլսենք անուններ, որոնք սկսել են Արամ Խաչատրյան մրցույթից և աշխարհում ներկայացնում են Խաչատրյանի երաժշտությունը։
«Իսկապես անգնահատելի է ձեր դերը՝ մրցույթը Հայաստանում իրականություն դարձնելու առումով»,- ասաց «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը՝ դիմելով Արմեն Սմբատյանին։ «Արամ Խաչատրյանի հոբելյանը Երևանում նշելու համար մեզ օգնում է նաև Խաչատրյանի անունը կրող մրցույթը, ժյուրիի անդամները, որոնց սիրով ողջունում եմ»,- ասաց Թովմասյանը։ Նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակցության ավելի քան 300 դիմում-հայտ են ստացել, և այժմ մրցելու են ամբողջ աշխարհից ժամանած տաղանդաշատ թավջութակահարները։
Հավելենք, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային երաժշտական աշխարհի հնչեղ անուններ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա)։
Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա մրցույթի բացման պաշտոնական արարողությունը, իսկ հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողությունը և եզրափակիչ գալա համերգը։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված է նաև Խաչատրյանի հանրահայտ Թավջութակի կոնցերտը՝ աշխարհահռչակ թավջութակահար Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերի մենակատարությամբ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































