Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական տագնապների ու ներքին պառակտումների խաչմերուկում, որը գործող իշխանությունները փորձում են ներկայացնել որպես խաղաղության խաչմերուկ։ Եկեղեցի-Պետություն հարաբերությունների արհեստականորեն հրահրված լարվածությունը, որը վերջին տարիներին ստացել է բացահայտ հակաեկեղեցական արշավի տեսք, փորձում է խարխլել մեր ազգային ինքնության հիմնասյունը։
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ Սուրբ Էջմիածնի և հայոց հավատքի դեմ դուրս եկած յուրաքանչյուր ուժ ի վերջո դատապարտված է անարգանքի։ Այս իրավիճակը հասկանալու և հաղթահարելու համար տեղին է զուգահեռ անցկացնել աստվածաշնչյան մի դրվագի հետ։ Ղուկասի Ավետարանում Գաբրիել հրեշտակապետը, դիմելով Կույս Մարիամին, ասում է․ «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս Ա։28)։
Սա մի պարզ ողջույնի կամ ավետման խոսք չէր։ Սա համամարդկային փրկության ու հույսի ավետիսն էր, իսկ Մարիամի մեծագույն առաքելությունն ու գործողությունն այդ պահին հրեշտակապետի խոսքին հավատալն էր՝ անվերապահորեն ընդունելով Աստծո կամքը, ինչը փոխեց աշխարհի ընթացքը։ Այսօր՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, նույնօրինակ մի բարի ավետիս է պտտվում Մայր Հայաստանի գլխին։
Դա «Վաղը ընտրությունների օրն է» ավետիսն է, և մենք պարտավոր ենք այդ ավետիսն ընդունել գործնական հավատքով։ Մեր երկիրը, որն այսօր վիրավոր է և սեղմված պարտության ու հուսահատության ճգնաժամի թակարդի մեջ, կարիք ունի նոր զարթոնքի։ Վաղը ընտրական տեղամասերում ծնվելու է այն առաջնորդությունը, որն ունակ է երկիրը դուրս բերել այս անդունդից և վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Սակայն եթե Մարիամից պահանջվում էր միայն ներքին հավատք, ապա այսօր յուրաքանչյուր հայից պահանջվում է գործնական հավատք։
Կարդացեք նաև
Մեր գործողությունը վաղը պետք է լինի տանից դուրս գալը, ընտրական տեղամաս գնալն ու հստակ ընտրություն կատարելը։ Վաղվա ընտրություններին հնարավորություն ունենալ և չմասնակցելը պետք է դիտարկվի որպես դասալքություն։ Մենք պետք է մեր քվեն տանք այն առաջնորդին, ով օժտված է ուժեղ, ազգային և արժանապատիվ պետություն կառուցելու շնորհով ու կամքով։ Հակաեկեղեցական արշավի հեղինակները պետք է հասկանան, որ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելն անհնար է։ Վաղվա քվեարկությամբ հայ հանրությունը հնչեցնելու է իր վճիռը՝ հավիտենական անարգանքի սյունին գամելով բոլոր նրանց, ովքեր փորձեցին ձեռք բարձրացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։ Տերը մեզ հետ է, և վաղը, մեր հավատքով ամուր գործողությամբ, մենք դա կապացուցենք։ Ուրեմն․
Ուրախացի՛ր, ով հայ ժողովուրդ, վաղը դու ազատվում ես չարի իշխանությունից։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

















































