Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մանկապարտեզում տեղակայված թիվ 14/60 ընտրատեղամասում առավոտից ընտրողներն ակտիվ են․ 11։00-ի դրությամբ ընտրողների թիվն արդեն հատում էր 200-ի սահմանը։
Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Պողոսյանն իր բացատրությունն ունի։
«ԱԺ ընտրություններում մարդիկ միշտ էլ ակտիվ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Արմեն Աբովյանն այս ակտիվությունը բացատրում է ընտրողների բարձր գիտակցությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում ամեն ինչ օրենքի սահմաններում է ընթանում, խախտումներ կան, արձանագրված են, բայց դրանք էական չեն։
Օրինակ՝ քվեախցիկից քվեախցիկ ընտրողներից մեկը փորձել է ուղղորդել իր հետ ընտրության եկած այլ ընտրողի՝ հրահանգելով թիվ 16-ի օգտին քվեարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գրանցամատյանում արձանագրվել է նաև, որ Լյուդվիգ անունով ՔՊ-ի պատգամավորի թեկնածուի հետ եկած անձը նկարահանել է նրան քվեատուփում՝ ընտրություն կատարելու ընթացքը։ Հանձնաժողովի նախագահը չի ստորագրել այս արձանագրության տակ։ Նա պնդում է, որ ինքը հետևել է, նկարահանումը եղել է քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու ընթացքում, ինչի իրավունքը կա։
Իրենք՝ ընտրողները, ովքեր, ի հակառակ ընտրական գործընթացի ակտիվության, հիմնականում խուսափում էին լրագրողի հետ շփումներից կամ շփվում էին պայմանով՝ առանց տեսանկարահանման և ձայնագրման, վստահեցնում են, որ իրենց համայնքը միշտ էլ և բոլոր ընտրություններում ակտիվ է եղել։
Հարցին՝ քաղաքական ուժերի կողմից ընտրողների վրա ճնշումներ նկատե՞լ են, մեր զրուցակիցներից մեկը պատասխանեց․ «Ո՞վ կարա մեզ ճնշի։ Ճնշողին կճնշենք»։
Մի տարեց տղամարդ էլ գոհ էր, որ գրիչ չկա, և գրիչով նշումներ պետք չէ անել․ «Ասում են՝ վրա էս գրեք, էն նկարեք․․․ չես հասկանում՝ որն ա ճիշտը։ Էսպես լավ է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































