«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը ներկայացրեց ընտրախախտումների մասին փաստեր։ «Ժողովուրդ ջան, եթե ձեզ թվում է, որ ընտրական գործընթացը բնականոն եւ հավասար է, դա այդպես չէ։ Ցավոք սրտի, արդեն ունենք արձանագրած հարյուրավոր խախտումներ»,- ասաց Մելոյանը։
Գոհար Մելոյանը մանրամասնեց, թե ինչ խախտումներ են արձանագրել։
«Խախտումներն էական են՝ թե բովանդակային, թե տեխնիկական առումով եւ փաստում են, որ որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա։ Եվ ինչն ավելի վտանգավոր է՝ փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ։ Մեր առաքելությունն է, որ մարդիկ հնարավորություն ունենան հնարավորինս արդար քվեարկության»,- ասաց նա։
Մելոյանը նշեց, որ առավոտյան ժամը 07։00-ից մի շարք ընտրատեղամասերում արգելել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձանց մուտքը։ «Այնուհետեւ ունեցանք բազմաթիվ ահազանգեր, որ որոշ ընտրատեղամասերում տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով։ Դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ արդյոք սարքի հետ կապված աշխատանքներին կողմնակի միջամտություն տեղի չի ունեցե՞լ։ Եթե ծավալը մեծանա, հետագայում մենք սա փորձաքննության առարկա ենք դարձնելու»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Գոհար Մելոյանը նաեւ ահազանգեց, որ ընտրողներին տրվող ծրարները, որոնց մեջ պետք է դրվեն քվեաթերթիկները, անորակ են, թափանցիկ, եւ ընտրողի գաղտնիության իրավունքը խախտվում է։ «Ահազանգեր էինք ստացել, որ մարդկանց ասել են, որ գաղտնի տեսախցիկներով վերահսկելու են, թե ում են ընտրում։ Ես եւ մեր քաղաքական ուժը խոսք ենք տվել, որ ապահովելու ենք մարդկանց ընտրական իրավունքի գաղտնիությունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար Մելոյանը նաեւ ասաց, որ մասնակցությունն այս ժամի համար բավական ոգեւորիչ է։ «Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները շատ շահագրգռված են իրենց ճակատագրով եւ գնում են իրենց քվեն ուժեղ ու ապահով Հայաստանի համար տալու։ Ժամը 11։00-ի դրությամբ ունենք 187 917 մասնակցության թվաքանակ։ Երկու ժամը մեկ պարբերականությամբ թարմացնելու ենք այս տվյալները»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































