Արմավիրի մարզի Երասխահուն բնակավայրի թիվ 15․25 տեղամասում գյուղապետ Նարեկ Փանոսյանը նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն է։ Թեպետ օրենքը նման արգելք չի դնում, սակայն, տեղամասում մեր գտնվելու ընթացքում ակնհայտ էր նրա ազդեցությունը թե հանձնաժողովի որոշ անդամների վրա, թե այդ պահին ընտրության եկող քաղաքացիների։ Տեղամասում նա իրեն շատ «տնավարի» էր պահում։
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք իրենց մտահոգություններն են փոխանցել հանձնաժողովի նախագահին այս առիթով, վերջինս ասել է՝ հասկանում է մտահոգությունները, բայց օրենքի խախտում չկա, չի կարող միջամտել։
Տեղամասը տեղակայված էր հին ակումբի շենքում։ Շենքի դիմաց Նարեկ Փանոսյանի եղբոր խանութն էր։ Խանութի մոտ մեքենաների եւ մարդկանց կուտակումներ էին։ Մեզ տեղեկություններ հասան, որ ընտրողները մինչ տեղամաս այցելելը, մտնում են խանութ եւ առօրյա անհրաժեշտության ապրանքներ են ստանում։ Ի դեպ, գյուղում խանութ է ունեցել նաեւ Նարեկ Փանոսյանը։ Որոշ ժամանակ առաջ իր խանութը վերածվել է «888» սուպերմարկետի։
Ինքը՝ Նարեկ Փանոսյանը, հրաժարվեց մեզ հետ զրուցել, այդ առիթով մեր հարցերին պատասխանել։ Միայն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, բոլորն էլ իր համագյուղացիներն են, բոլորն էլ հասկանում են, որ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է, ուստի հանգիստ իրենց ընտրությունն են անում։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Մրազ Շամոյանը մեզ հետ զրույցում նույնպես մտահոգություն հայտնեց՝ գյուղապետի՝ իշխող ուժի վստահված անձը լինելու մասով․ «Ոչ միայն այս տեղամասում, այլ նաեւ հարակից բնակավայրերի մի քանի տեղամասերում, վստահված անձինք են գրանցվել համայնքների ղեկավարները։ Իհարկե, օրենքը չի արգելում, բայց փաստացի, այս մեթոդաբանությամբ աշխատելով, գյուղական բնակավայրերում, քանի որ կապերը շատ են, ընտրողների ազատ կամարտահայտության վրա ազդող հանգամանք է դառնում»։
Ի դեպ, մեր շրջայցը Արմավիրի մարզում ցույց տվեց, որ մարզում այս երեւույթը համատարած բնույթ է կրում։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ դիտորդների արձանագրմամբ, 15․25 տեղամասում «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք «աշխատում են» ՔՊ-ի համար։ Նման ահազանգեր կային նաեւ «Հանուն հանրապետության» կուսակցության վստահված անձանց մասով։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեզ խոսակցություններ հասան, որ Երասխահունում նախորդ գիշերը հոսանքազրկում է եղել՝ 20․00-ից սկսած եւ մինչ հոսանքի հարցը կլուծվի, իշխող ուժից տարբեր ներկայացուցիչներ են համագյուղացիներին այցելել, որոշակի գումար են տվել՝ առօրյա հոգսերը հոգալու համար։ Տեղացիները, սակայն, խուսափեցին այդ թեմայով մեր հարցերին պատասխանել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































