«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն ամբողջ հանրապետությունում, մենք 300 շրջիկ խմբերով եւ 35 շրջիկ արագ արձագանքման խմբերով հետեւում ենք իրադրությանը: Մեր դիտորդներն արդեն այցելել են 1830 տեղամաս, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի 92%-ը: Խախտումներ են արձանագրվել շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում: Խախտումները հետեւյալ պատկերն ունեն. դիտարկված տեղամասերի 7%-ում՝ ընթացակարգային, 6%-ում՝ գաղտնիության հետ կապված խնդիրներ, եւս 6%-ում՝ գաղտնիության խախտման չհասցրած, բայց դրա ռիսկը ստեղծող խախտումներ»,- ասուլիսում հայտնեց կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ դիտարկված տեղամասերի 3%-ում եղել են բանավեճեր, 3%-ում էլ եղել են քարոզչության դրսեւորումներ։
«Խախտումների իդենտիֆիկացված հեղինակների առումով պատկերը հետեւյալն է. մոտ 7.5%-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, 1%-ը՝ ոստիկանության ծառայողներ, 7.8%-ը՝ վստահված անձինք եւ մոտ 9.5%-ը՝ ընտրողներ»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ որոշ դեպքերում իդենտիֆիկացրել են խախտումներ իրականացնողներին՝ ըստ կուսակցական պատկանելության, այսպիսով. 39% դեպքերում խախտման հեղինակներն «Ուժեղ Հայաստանից» են, 29%-ը՝ ՔՊ-ից, 9%-ը՝ «Հայաստան» դաշինքից եւ 8%-ը՝ ԲՀԿ-ից:
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը հերթերին ու կուտակումներին էլ անդրադարձավ, ասաց, որ հերթերը հիմնականում պայմանավորված են ընտրողների բարձր մասնակցությամբ, մյուս պատճառն էլ այն էր, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից որոշներում էլեկտրոնային գրանցման սարքերի կտրոնների վրա ընտրողի հերթական համարը սխալ է գրված եղել:
Կարդացեք նաև
«Մենք հստակ տեսնում ենք Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրությունների ապալեգիտիմացմանն ուղղված գործողություններ, երբեմն այդ գործողությունները եւ հռետորաբանությունը զավեշտալի աստիճանի են հասնում: Օրինակ, ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է, որ ընտրությունների վրա էական ազդեցություն կունենա Ֆրանսիայում գտնվող հայերի քվեարկությունը… Մենք տեսել ենք մի շարք կեղծ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ, որոնք տեղում մեր դիտորդների կողմից ստուգվել են, դիտորդները նաեւ խոսել են այն կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք ահազանգել են խախտումների մասին, պարզվել է, որ եղելությունն այլ է:
Մենք ներկայացրել ենք 9 դիմում՝ ԿԸՀ, տեղամասում քարոզչության դեպքերի հետ կապված: Դրանք այն դեպքերն են, երբ քարոզչական նյութեր պարունակող շապիկները, գլխարկները, կրծքանշանները շարունակել են կրել եւ չեն դադարեցրել, 1 բաց քվեարկության դեպքով ենք ներկայացրել դիմում: 23/30 տեղամասում կատարվածը գնահատել ենք կանխամտածված բաց քվեարկություն, նաեւ առանց դիտավորության կրկնաքվեարկության փորձի իրավիճակ է եղել մի տեղամասում, որի վերաբերյալ որոշել ենք հաղորդում չտալ: Դեպք է գրանցվել նաեւ, որ ընտրական ցուցակում եղել է Իսպանիայում մահացած անձ, բայց մենք չունենք տեղեկություն, որ նրա մահվան վկայականը հանձնվել է Հայաստանին: Հիշարժան դեպքերից էր նաեւ այն, որ 32/39 տեղամասում հանձնաժողովի նախագահը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եւ պրոցեսը սկսվել է առանց հանձնաժողովի նախագահի: Դա ինչ-որ առումով նախադեպը չունեցող իրավիճակ է»,- ի թիվս այլնի թվարկեց Դանիել Իոաննիսյանը:
Ավելի վաղ արված ամփոփումը՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































