«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատվարժան քաղաքացիներ,
Ընտրություններն ավարտվեցին, բայց Հայաստանի ապագայի համար մեր պայքարը շարունակվում է։
Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, բայց չենք կորցրել ամենակարևորը՝ գաղափարը, հավատը և պետության ապագայի հանդեպ պատասխանատվությունը։
Կարդացեք նաև
Փողը չի կարող հաղթել մտքին։ Վախը չի կարող հաղթել ազատ մարդուն։ Քրեաօլիգարխիկ համակարգի խորհրդանիշները, պետական հանցագործներն ու Պուտինի նախընտրած ուժերը անելիք չունեն Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում։
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ՝ բարեփոխումները խորացնելու, իշխանությանը վերահսկելու, ժողովրդավարությունը պաշտպանելու և Հայաստանի միջազգային պարտավորություններն ու պայմանավորվածությունները հետևողականորեն առաջ մղելու համար։
Այս պահից սկսվում է ավելի խորը և պատասխանատու աշխատանք՝ իմաստավորելու կատարվածը, վերաիմաստավորելու մեր ճանապարհը, սառնասրտորեն վերլուծելու արդյունքները և անհրաժեշտ հետևություններ անելու՝ ավելի հասուն, ավելի կազմակերպված և ավելի սկզբունքային պայքարի համար։
Շնորհակալ եմ բոլոր քաղաքացիներին, ովքեր չվաճառեցին իրենց ձայնը, չնահանջեցին ճնշման առաջ և կանգնեցին ազատ, ինքնիշխան Հայաստանի գաղափարի կողքին։
Շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր անդավաճան կանգնեցին այս պայքարի կողքին, հավատացին մեր գաղափարներին և մինչև վերջ աշխատեցին արժանապատիվ, համառ և սկզբունքային։
Հուսով եմ՝ մեր գործընկեր քաղաքական ուժերը ևս անհրաժեշտ հետևություններ կանեն այս արդյունքներից։
Սա ավարտ չէ։ Սա հաշվարկի, վերակազմակերպման և ավելի կոշտ քաղաքական աշխատանքի սկիզբ է։
Հայաստանի վճռական խոսքը դեռ առջևում է՝ սառը, ծանրակշիռ և անբեկանելի։
Արման Բաբաջանյան,
«Հանուն Հանրապետության»


















































