«Չնայած այն հանգամանքին, որ իմ տպավորությամբ, միլիարդավոր դրամների կաշառք է բաժանվել հայտնի ուժերի կողմից, այնուամենայնիվ մարդիկ մի կողմից տեսան, որ իրենց խաղաղությունը վտանգված է, գնացին ընտրության։ Մյուս կողմից՝ հակառակ բանը տեղի ունեցավ՝ այն մարդիկ, որոնք իներտ էին, գնացին ընտրության, պաշտպանեցին ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, իրենց երեխաների խաղաղությունը։ Եվ սա ֆանտաստիկ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքին։
«Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել։ 2021 թվականի ՔՊ-ին քվեարկել է 688 761 ՀՀ քաղաքացի։ Իսկ 2026 թվականին մեզ քվեարկել է 727 160-ը, այսինքն՝ 38 399 ձայնով ավելի։ Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել եւ ավելի մեծ ժողովրդականություն ունի 2026-ին, քան 2021-ին էր»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, որ ՔՊ-ն 51+ տոկոս չի հավաքել, այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռ արդյունքները չամփոփած՝ հայտարարեց, թե ՔՊ-ն հաղթում է, արդյոք դա չազդե՞ց արդյունքների ամփոփման վրա, Պապոյանը պատասխանեց․ «Ոչ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, մենք գիտեինք, որ 727 հազար ձայն ունեինք։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ մեր վստահված անձինք այդ բաները նկարել էին։ Եթե գիտեինք, որ հաղթել ենք, ինչո՞ւ պետք է վարչապետը քաղաքական հայտարարություն չաներ, որ հաղթել ենք»։
Դիտարկմանը, որ Փաշինյանի հայտարարությամբ ազդել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, Գեւորգ Պապոյանը պատասխանեց․ «Ոչ, հանձնաժողովի վրա հնարավոր չէ ազդել, որովհետեւ մաթեմատիկա է, մեկ գումարած մեկը հավասար է երկուս։ Ինչ քվեարկվել է, նույն կերպ պահպանվել է, եթե որեւէ մեկը կասկածում է, կարող է գնալ ցանկացած տեղ ու բողոքարկել ու հաշվել։ Դե կտեսնեք՝ դրա արդյունքում ՔՊ-ի ձայները կավելանան, թե՞ չէ։ Իմ կարծիքով՝ կավելանան»։
Կարդացեք նաև
Պապոյանը նաեւ վրդովվեց․ «Այդպիսի հարց տալ, այն պարագայում, երբ հարյուրավոր դեպքերով, ձայնագրություններով ապացուցվում է, որ երկրում քրեաօլիգարխիկ մնացուկները, որոնք ջախջախվեցին, միլիարդներով կաշառք են բաժանում, եւ դուք դրա մասին ոչինչ չեք ասում։ Իմ քաղաքական գործունեության հաջորդ հնգամյակը նվիրված է լինելու նվազագույնը բոլոր այն մարդիկ, որոնք անցել են այդ գործերով, շաբաթը մեկ հետաքրքրվեմ, թե նրանցից ով նստեց, ով չէ։ Ոչ մեկ չի պրծնելու, ոչ մեկ»։
Հարցին, թե ինքն ի՞նչ իրավունքով է նման հայտարարություններ անում, Պապոյանը պատասխանեց․ «Եթե ես ձայնագրությամբ լսել եմ խոսակցությունները, ես հետեւելու եմ, որ այդ դուրսպրծուկները նստեն։ Այս անգամ նստելու են եւ պիտի նստեն, որովհետեւ սա պետության ու ազգային անվտանգության հարց է։ Կար եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ իր պոչը, այս ժողովուրդը պոչը կտրել է եւ եռագլուխներից մեկ գլխիկն էլ է կտրել։ Այն երկու գլուխները ջախջախվել են քաղաքական իմաստով։ Եվ քաղաքական իմաստով մեր խնդիր է այն երկու գլխիկներն էլ գլխատել։ Չի կարող Հայաստանում պատգամավոր աշխատել 5 տարի, կարծես թե բան չի եղել։ Բարեւ ձեզ: Այս մանդատը բավարար է, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը երկար տարիներ անցկացնի բանտում»։
Լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ ՔՊ-ն էլ վարչական ռեսուրս է կիրառել։ Ի պատասխան Պապոյանն ասաց․ «Մենք վարչական ռեսուրս երբեք չենք կիրառել։ Մենք որեւէ մեկին չենք ասել՝ մեկ մարդ բեր մեր հանրահավաքին։ Ավելին՝ մենք ասել ենք՝ եթե այդպիսի բան անող կա, բոլորը պետք է հեռացվեն աշխատանքից»։
Անդրադառնալով արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գործին եւ հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ, որ ավելի քան 20 օր է՝ Օսիպյանը հացադուլի մեջ է, Պապոյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող մեկնաբանել իրավական գործընթաց, բայց ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը հանրապետության վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային հայտարարություններ է արել։ Եվ դա մեր իրավապահ մարմինները գնահատել են որպես հանցագործություն։ Այդ քաղաքացին ձերբակալվել է հանրապետության վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































