Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պետք է կամ համոզիչ հիմնավորումներ ներկայացնի Արթուրին «փախած» եւ Արցախի «պսեվդոէլիտայի» ներկայացուցիչ անվանելու համար, կամ ներողություն խնդրի եւ կոչ անի դադարեցնել հացադուլը. Բորիս Նավասարդյան

Հունիս 09,2026 12:31 Share

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան խմբի անդամ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրությունների արդյունքները հուշում են, որ մոտակա 5 տարիների ընթացքում, ցավոք, կարող ենք ունենալ նույն մթնոլորտը երկրի հիմնական քաղաքական հարթակում, Ազգային ժողովում, ինչ վերջին տարիներին։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով պետության կառավարման համար եւ հանրային հարաբերություններում։ Իմ համոզմամբ, հասարակությունը չի կարող եւս 5 տարի դիմանալ այսպիսի լարված, թշնամական մթնոլորտին, միեւնույն ժամանակ պահպանելով առողջ բանականության մնացորդը, որոշակի բարոյական արգելակներ եւ երկիրը տարբեր ոլորտներում զարգացնելու կարողությունը։ Բոլորս, բայց առաջին հերթին իշխանությունը, պետք է լրջորեն մտածենք, ինչպես ենք կանգնեցնում տագնապալի միտումները։

Դրական փոփոխությունների անմիջական եւ կոնկրետ ինդիկատորներից մեկը պետք է լինի Արթուր Օսիպյանի հարցի հանգուցալուծումը։ Նիկոլ Փաշինյանը պետք է կամ համոզիչ հիմնավորումներ ներկայացնի Արթուրին «փախած» եւ Արցախի «պսեվդոէլիտայի» ներկայացուցիչ անվանելու համար, կամ ներողություն խնդրի եւ կոչ անի դադարեցնել հացադուլը։ Էլ չեմ խոսում չզոհվելու մեջ մարդուն մեղադրելու մասին… Ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ (բոլորովին չարդարացնելով), ինչու վարչապետը դա չէր անում քվեարկությունից առաջ՝ Հայաստանի քաղական գործընթացների վերբալ հարթությունում արմատավորված «հզոր տղաների», բռնության սպառնալիքների, անհանդուրժողականության եւ ագրեսիայի մշակույթը չի համադրվում ներողություն խնդրելու հետ։ Սեփական մեղքերի ու սխալների ընդունումը ընկալվում է որպես թուլության նշան եւ ձայներ կորցնելու իրական ռիսկեր է պարունակում, մանավանդ այն դաժան, առանց կանոնների պայքարում, որը բնորոշ է մեր ընտրություններին։ Բայց քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս անմիջական ռիսկը անհետանում է, կարելի ի վերջո հիշել մարդկային հարաբերությունների մասին, մտածել ապագայի մասին, եւ անհրաժեշտ են քայլեր, որոնք միտված են քաղաքական մշակույթի փոփոխությանը։ Փաշինյանը խոսքի վարպետ է եւ, կարող է գտնել այնպիսի ձեւակերպումներ, որոնք նվաստացուցիչ չեն լինելու իր համար էլ։ Սպասում ենք։

Ես հատուկ չեմ անդրադառնում Արթուր Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործին։ Դա առանձին թեմա է, որի մասին արդեն շատ է խոսվել, թեեւ խափանման միջոցի վերանայումը ակնհայտ անհրաժեշտություն է, հաշվի առնելով նաեւ Արթուրի առողջական վիճակը։ Սակայն, անգամ եթե քրեական հետապնդման համար կային հիմքեր (ինչի հետ ինքս կտրականապես համաձայն չեմ), դա չի նշանակում, որ դրան ենթարկված անձը զրկվում է արժանապատվության պաշտպանությունից եւ թույլատրելի է իրեն անհիմն վիրավորել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930