Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հայ մարդու հնարավոր մահը ձեզ համար քաղաքական հաշվարկի մի մանր դետալ է, ուրեմն դուք պետք է պատրաստ լինեք նաև այդ որոշման քաղաքական, իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությանը․ Դավիթ Սանասարյան

Հունիս 10,2026 13:47 Share

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Գրեթե 20 տարի տևած պայքարիս ամբողջ ճանապարհն անցել է հարձակումների, սպառնալիքների, ծաղրի, հերյուրանքների ու համակարգված վարկաբեկման միջով։
Այդ ամենը տեսել եմ տարբեր ժամանակներում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գագիկ Ծառուկյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների կողմնակիցների ու կեղծ օգտահաշիվների կողմից։

Սկզբում, երբ դեռ անփորձ էի, ծանր էի տանում։ Երբեմն ուզում էի գտնել այդ մարդկանց հեռախոսահամարները, կանչել հանդիպման ու պարզաբանման։ Հետո հասկացա՝ դա սխալ ճանապարհ է։ Քաղաքական մարդը չի կարող ամեն վիրավորանքի հետևից ընկնել։ Քաղաքական մարդը պետք է ունենա ողնաշար, սառնասրտություն և իր սկզբունքներին հավատարիմ մնալու կարողություն։

Այդ հարձակումները ինձ չկոտրեցին. հակառակը՝ ավելի պնդացրին։ Ոչ մի վիրավորանք, ոչ մի քարոզչական աղմուկ, ոչ մի հերյուրանք ինձ չի շեղել իմ համոզմունքները, սկզբունքներն ու գաղափարները պաշտպանելու ճանապարհից։

Մի քանի օր առաջ գրեցի Արթուր Օսիպյանի մասին։ Գրառումից հետո իմ հասցեին կրկին մեծաթիվ հարձակումներ եղան՝ թե՛ մեկնաբանություններում, թե՛ անձնական հաղորդագրություններով։ Ով ինչ ուզեց՝ ասաց։ Բայց իրականությունը դրանից չփոխվեց։

Այսօր նորից եմ ասում․ ԱՐԹՈՒՐ ՕՍԻՊՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է։ Նա պատժվում է իշխանության կողմից իր դիրքորոշման, իր խոսքի և իր քաղաքական կեցվածքի համար։

Ձեր հարձակումներով չեք կարող ինձ հետ պահել իմ համոզմունքներից։ Առնվազն մանկամտություն է կարծել, թե աղմուկով, վիրավորանքով կամ զանգվածային հարձակմամբ կարելի է լռեցնել մարդուն, ով իր կյանքում բավական բան է տեսել ու անցել։ Իսկ առավելագույնը՝ ձեր պահվածքը ցույց է տալիս, որ ձեզ համար մարդը արժեք չէ․ ձեզ համար կլանային շահն ավելի բարձր է, քան մարդու կյանքը, ազատությունը և արժանապատվությունը։

Արթուր Օսիպյանը կալանավայրում արդեն հացադուլի 24-րդ օրն է անցնում։ Սա այլևս զուտ քաղաքական հարց չէ, սա մարդու կյանքի և առողջության հարց է։ Հացադուլի այս փուլում վտանգը իրական է, իսկ իշխանության լռությունն ու անտարբերությունը՝ աններելի։

Իրեն «ժողովրդավար» հռչակող իշխանությունը ոչ միայն չի վերացնում իր ապօրինի գործողությունների հետևանքը, ոչ միայն ներողություն չի խնդրում հանրային գործչի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, այլ դեռ փորձում է ամեն ինչ շրջել նրա դեմ՝ ասելով, թե նա պետք է ներողություն խնդրի։

Սա միայն քաղաքական ցինիզմ չէ, սա բարոյական փլուզում է։

Եթե հայ մարդու հնարավոր մահը ձեզ համար քաղաքական հաշվարկի մի մանր դետալ է, ուրեմն դուք պետք է պատրաստ լինեք նաև այդ որոշման քաղաքական, իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությանը։

Արթուրի կյանքը ձեր քարոզչական հարմարության առարկան չէ։ Մարդու կյանքը իշխանության ինքնասիրությունից բարձր է։ Ազատությունը կեղծ ժողովրդավարության զոհասեղանին չի դրվում։

Հ.Գ. Արթուրի փաստաբաններին խնդրում եմ փոխանցել նրան․ նրա սկզբունքայնության վրա ոչ ոք չի կասկածում։ Նա արդեն ապացուցել է իր կեցվածքը։ Թող դադարեցնի հացադուլը։ Պայքարը պետք է շարունակենք միասին՝ սթափ, հետևողական և մինչև վերջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930