«Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել եւ կալանավորվել, այդ թվում՝ տարեց կանայք, որոնք եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին տները, մարդկանց բերման էին ենթարկում, տանում հարցաքննում ու թողնում էին։ Իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում էին, եւ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը։ Մի շարք դրվագներով մենք հանցագործությունների մասին հաղորդումներ ենք ներկայացնում։ Սա վաղուց չկիրառվող պրակտիկա էր, որն այս ընտրությունների նախաշեմին իշխանությունը վերակենդանացրեց։ Եվ ես շատ ցավում եմ, որ մեր երկրում իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական սպասարկուի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ հետապնդումների շղթան շարունակվում է․ «Եթե հետեւում եք, ԿԸՀ-ն միջնորդություններ է ներկայացնում մեր պատգամավորների թեկնածուների նկատմամբ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Սա գալիս է պնդելու, որ բնականոն ընտրական գործընթացը մեր նկատմամբ խախտված է եղել՝ սկսած այն հանգամանքից, որ մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանն այդպես էլ հնարավորություն չունեցավ հավասարության սկզբունքի համատեքստում մասնակցել նախընտրական քարոզչությանը»։
Գոհար Մելոյանը նշեց, որ երկրորդ հարցը վարչական ռեսուրսի կիրառման մասին փաստերն են։ Նրա խոսքով՝ «թեժ գծով» հազարավոր զանգեր են ստացել, ամեն օր արտակարգ ռեժիմով աշխատում են, որպեսզի մշակեն այդ տեղեկատվությունը։ Գոհար Մելոյանը քաղաքացիներին կոչ արեց փաստեր ներկայացնել իրենց վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ՝ խոստանալով, որ կպահպանեն գաղտնիությունը։
Կարդացեք նաև
«Ի՞նչ են անում վարչական ռեսուրսի համատեքստում։ Ահազանգերը բազմաթիվ էին, որ մարդկանց ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկելու եւ քվեաթերթիկը լուսանկարելու, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկը դուրս բերելու, որ համոզված լինեին՝ մարդիկ մեզ չեն քվեարկել։ Տեսանյութեր ու ահազանգեր ունենք, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես ծոցագրպանում 16 քվեաթերթիկը մուտք են գործել ընտրատեղամաս»,- ասաց Մելոյանը։
Նա անդրադարձավ նաեւ վարչական ռեսուրսի կիրառման մեկ այլ դրվագի․ «Իշխող ուժի՝ ՔՊ-ի թեկնածուները գնում մտնում էին հանձնաժողովներ, տեղամասային կենտրոններ, սկսում էին հանձնաժողովականների հետ ջերմ զրույցների բռնվել, այն դեպքում, երբ թեկնածուն իրավունք չունի ֆիզիկապես գտնվել տեղամասային կենտրոնում, որովհետեւ իր միջավայրում՝ հատկապես մարզային համայնքներում իր հեղինակությամբ ճնշում է ընտրողներին։ Մեկ այլ շատ գլոբալ խախտում ասեմ, որը մեր գնահատմամբ՝ կարելի է որակել նաեւ ընտրախախտում։ Ունենք 846 հասցե, որոնց վրա 20+ մարդ է հաշվառված, ընդհուպ, կա հասցե, որի վրա 303 մարդ է հաշվառված, 185, 174 մարդ։ Եվ ըստ էության՝ քաղաքացիների ահռելի թվաքանակ է դառնում»,- նշեց Մելոյանը։ Նա ասաց, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ոչ մի հստակ պատասխան չի տվել իրենց, թե ինչո՞ւ են այդ հասցեներում այդքան մարդիկ հաշվառված, եւ արդյոք դա հետաքննության թեմա չպե՞տք է դառնա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































