Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից

Հունիս 11,2026 22:44 Share

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը 2026թ. հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ

 

2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։

Մասնավորապես՝

● Քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01։00-ն, մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունն աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին և պահանջում է համակողմանի քննություն։

● Իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։

● Իշխանության նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։

● Հանրային հեռուստատեսությունը կոպտորեն խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։

● Ընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։

● Բազմաթիվ տեղամասերից ստացվել են տեղեկություններ ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաև իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ լուրջ խախտումների վերաբերյալ։

● Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք էականորեն խաթարել են գործընթացի թափանցիկությունը և լրացուցիչ կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։

● Մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։

● Արձանագրվել են արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, մեր գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։

● Ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի (իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5 տոկոսից էլ պակասի) արդյունքների հրապարակումից հետո սեփական հաղթանակի մասին իշխանության հրապարակային հայտարարությունն արվել է այն պահին, երբ դեռ տեղամասերի մեծամասնությունում հաշվված չէին քվեների մեծ մասը։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները, նախնական տվյալներով չստանալով իրենց ակնկալած արդյունքները, որոշել էին այդ հայտարարությամբ կոպտորեն միջամտել ընտրական գործընթացին և ապօրինաբար փոխել քվեարկության վերջնական արդյունքը։

● Մաթեմատիկական վերլուծությունը, հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, երևան է հանում իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման ապացույցներ, ինչը պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն և միջազգային մակարդակով գնահատական։

Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն։ Ուստի, այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն, տալ յուրաքանչյուր խախտման իրավական գնահատականը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար։

Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ արդյունավետ և լեգիտիմ իշխանություն միայն այն դեպքում, երբ իշխանության ձևավորման հիմքում դրված է ժողովրդի ազատ կամարտահայտությունը, այլ ոչ թե վարչական ճնշումը, անհավասար մրցակցությունը, վախի մթնոլորտը և ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը խաթարող համակարգային խախտումները։

Միևնույն ժամանակ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930