Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մուշեղ Արամյանի նախագահությամբ Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից նրա ընկերոջ սպանության գործով այսօրվա դատական նիստի սկզբում նախագահող դատավորը կողմերին տեղեկացրեց, որ հանրային մեղադրողը կապվել է դատարանի աշխատակազմի հետ և հայտնել, որ Կենտրոն նստավայրում ունի ծանրաբեռնվածություն՝ մեղադրյալների հարցաքննության փուլի մեջ գտնվող այլ դատական նիստի պատճառով։
Դատարանն արձանագրեց փաստը և նշեց, որ նման պայմաններում դատական նիստը հետաձգելու իմպերատիվ պայման կա։ Այնուհետև դատավոր Մուշեղ Արամյանը ներկայացած կողմերին տեղեկացրեց, որ դատարանի աշխատակազմը կկապվի դատավարության մասնակիցների հետ և, փոխադարձ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, առաջիկա 15 օրվա ընթացքում կսահմանի հաջորդ դատական նիստի օրը և ժամը։ Այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց։
Նիստի ավարտին Վալոդյա Գրիգորյանի կուսակից ընկեր, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Գործի ամբողջական բացահայտման կարիք կա, քննության ամբողջական անհրաժեշտություն կա։ Եվ փաստ է, որ այս գործն անգամ մոտիկ չէ բացահայտված համարվելուն»։
Դիտարկմանը, որ մեղադրյալ Գևորգ Հարությունյանը մի քանի նիստ առաջ ասել է, որ Քննչական կոմիտեն իրեն տարել է, տեղը ցույց տվել, հետո տեսախցիկների առաջ ցուցադրել՝ իբր ինքն է գնում այդ տեղը, և այսպիսի բացահայտումների հարցով Վալոդյա Գրիգորյանի փաստաբանը դիմե՞լ է, որպեսզի այդ սկանդալային հայտարարությունները որևէ իրավական գնահատական ստանան, տիկին Թանդիլյանը պատասխանեց. «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Փաստացի, իմ տպավորությամբ, Գևորգը հող է նախապատրաստում առ այն, որ կարողանա ցույց տալ, որ անգամ կատարողը ինքը չէ։ Սա իմ նեղ, անձնական տպավորությունն է դատական նիստերից։ Հետևաբար, մենք լրջորեն և աչալուրջ հետևում ենք այս պրոցեսին և թույլ չենք տալու, որ նման բացթողումներ և վրիպակներ տեղի ունենան։ Բոլոր վիճահարույց և խնդրահարույց հայտարարությունների հետևից, բնականաբար, գնալու ենք, վկաները հարցաքննվելու են ամբողջությամբ, և Գևորգը դեռ պատասխան է տալու պաշտպանող կողմի բազմաթիվ հարցերին»։
Կարդացեք նաև
Հունիսի 7-ի ընտրություններից իր տպավորություններն արտահայտելու առաջարկին Մանե Թանդիլյանն արձագանքեց այսպես. «Նախ, պետք է հասկանալ, թե վերահաշվարկի հիման վրա ինչ դասավորություն ունի Ազգային ժողովը։ Բայց, իմ կարծիքով, այս աննախադեպ ռեսուրսի օգտագործումը, որը սահման չի ճանաչել, ամբողջ փաթեթը կիրառել են։ Ինչպես նաև հաշվարկներով տեսնում ենք, թե ինչ բացթողումներ են տեղի ունեցել։ Հետևաբար, այս ընտրությունները ազատ ու արդար համարել ուղղակի հնարավոր չէ։ Այս ընտրությամբ ձևավորված կառավարությունն էլ լեգիտիմություն չունի, որովհետև փաստացի մեծամասնություն չի ներկայացնում։
Այս առումով կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը պիտի խորհրդակցություններ սկսեն և ամբողջացնեն առ այն, թե ինչպես են կանգնեցնելու և իրացնելու իրականում քաղաքական ճգնաժամի պատկերը։ Որովհետև, փաստացի, երկրում քաղաքական ճգնաժամ է։ Բայց եթե ԱԺ-ն շարունակի բնականոն գործունեությունը, կարող է կարծիք ստեղծվել, թե ամեն ինչ նորմալ է։
Հայտարարել, որ ընտրակեղծարարություն է տեղի ունեցել, բռնաճնշումներ, վարչական ռեսուրսներ՝ մի բան է, դրան համարժեք գործողությունը՝ մեկ այլ։ Ես կարծում եմ, որ առնվազն խորհրդարան անցած ընդդիմությունն այս փուլում դեռ սպասում է վերահաշվարկի արդյունքներին։ Եվ հավանաբար շաբաթ օրը քննարկումներ կունենան։ Եվ ես շատ հույսով եմ, որ մի որոշման պետք է գան, որը կարձանագրի քաղաքական ճգնաժամը երկրում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































