Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը եւ ՌԴ-ն այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտան. պրոարեւմտամետ իշխանություն, պրոռուսամետ ընդդիմություն։ Բոլորն էլ գոհ են եւ բավարարված»

Հունիս 13,2026 13:00 Share

«Ավելի քան վստահ եմ, մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները։ Կոչ չեմ անում՝ չվերցնել, որովհետեւ չվերցնելու դեպքում ես չեմ տեսնում, թե ի՞նչ կարող են անել։ Իրենք որեւէ ճանապարհային քարտեզ չեն ներկայացնում։ Բայց նաեւ իմ ինտելեկտը վիրավորվում է, երբ վերցնելը փորձում են հիմնավորել մանկապատանեկան ձեւակերպումներով»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, «Ինտեգրացիա եւ զարգացում» հկ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

-Տիկին Զոհրաբյան, ընտրությունների նման արդյունքը, կարծում եմ, ձեզ համար էլ անակնկալ չէր եւ միանգամայն օրինաչափ է այն իրականության հետ, որում մենք ապրում ենք։ Բայց, այնուհանդերձ, ուզում եմ գնահատեք՝ այս ընտրությունները ինչո՞վ էին տարբերվում մեր ունեցած նախորդ բոլոր ընտրություններից: Արձանագրված նախնական պաշտոնական արդյունքներն ի՞նչ են մեզ խոստանում։

-Ես զարմացած չեմ այս ընտրությունների արդյունքից, ես շոկի ենթարկված չեմ, ես կայծակնահար եղած չեմ, ես ինսուլտ ստացած չեմ այս ընտրությունների արդյունքից։ Ինձ համար միանշանակ կանխատեսելի եւ ենթադրելի արդյունք էր։ Ինձ համար միանշանակ հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ պարագայում ընտրությամբ իշխանություն չի հանձնելու՝ հատկապես ունենալով աշխարհաքաղաքական նման հովանավորներ։

Ինչ վերաբերվում է ընտրությունների բնութագրին, բովանդակությանը. ես մի պահ պատկերացրեցի, որ եթե այսպիսի ընտրություններ անցկացվեին նախկին որեւէ իշխանության ժամանակ, ապա երեւի չարտերային հրատապ թռիչքով Ստրասբուրգից «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կկատարեին ԵԽ մոնիտորինգի Հայաստանի հարցերով համազեկուցողները եւ երեք վայրկյանում կտպվեր «Ա4» ֆորմատի թղթի վրա մի հայտարարություն՝ ընտրական կեղծիքների, վարչական ռեսուրսի, վախի մթնոլորտի, իշխանության ներկայացուցիչների կողմից ոչ նորմատիվ լեքսիկոնի, սպառնալիքների մասին։ Իսկ ընտրությունների վերջնարդյունքում այս ընտրության օրինականության կամ ոչ օրինականության կնիքը տվող միջազգային կառույցների զեկույցները կեզրափակվեին ձեւակերպմամբ՝ «ընտրություններն անցել են լրջագույն խախտումներով եւ չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին»։

Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այս դեպքում. մինչ այս պահը վերահաշվարկ է գնում, ԿԸՀ-ում անհասկանալի իրավիճակ է եւ տեսնում ենք կայակալասների, ուրսուլաֆոնդերլեյնների գնահատականները, Թրամփի շնորհավորանքը, Եվրոպայի եւ Արեւմուտքի միահամուռ ծափահարությունն այս ընտրություններին։ Ավելին՝ ուրսուլաների եւ կայակալասների կոչը՝ ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին՝ անմիջապես ճանաչել եւ ընդունել ընտրության արդյունքները, որովհետեւ թե Նիկոլին, եւ թե նրա աշխարհաքաղաքական տերերին օդի եւ ջրի պես անհրաժեշտ է, որ խորհրդարանի արտաքին ֆասադը լինի՝ լեգիտիմության իմիտացիան պաշտպանելու համար, խորհրդարանը լինի բազմակուսակցական եւ ընդդիմադիր ուժերը խորհրդարանական մանդատները վերցնեն։

– Վերահաշվարկը, որի արդյունքում նաեւ, պարզվում է, ՔՊ-ին են բավական ձայներ ավելանում, իրավիճակ կփոխի՞։ Ասենք, եթե ԲՀԿ-ն լինի խորհրդարանում կամ չլինի՝ տարբերությունը ո՞րն է, մանավանդ, որ ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն ունենալ-չունենալու հարցը, ինչպես ՔՊ-ականներն են այս օրերին վստահ հայտարարում, լուծելի է։ Անցած խորհրդարանի փորձից ելնելով, իրենք վստահ են, որ ավելի շուտ իրենք ընդդիմությունից «պատգամավորների կգնեն», քան հակառակը կլինի եւ ընդդիմությունը խորհրդարանում հանգիստ իշխանափոխություն կկարողանա անել։ Մանավանդ, իշխանության երկու պատգամավորական ձայն է պակասում՝ ընդդիմության 8-ի փոխարեն։

-Գիտեք, այս իրավիճակում, այնքան հազարերորդական հարց է՝ երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարանում կլինի՞, թե՝ ոչ, որովհետեւ այն, ինչ փորձում են ներկայացնել ընդդիմադիրները, որ գոնե 3/5-րդ չի ունենա Նիկոլ Փաշինյանը… եկեք ես հիմա շատ կտրուկ չլինեմ իմ գնահատականներում, բայց նայեք խորհրդարան անցած որոշ ցուցակներ. այնտեղ քանի՞ հատ գեղամնազարյաններ կարող եք գտնել։ Այս պահին չեմ ուզում շատ ավելի կտրուկ գնահատական տալ, բայց չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից՝ ձեր նշած կուսակցությունը կանցնի, թե՝ ոչ, 3/5-ի կամ ընդհանրապես սահմանադրական մեծամասնության իր խնդիրները լուծելու խնդիր է ունենալու՝ նայելով այն մարդկանց ֆեյսերը եւ հետագիծը, որոնք այլեւս ստացել են պատգամավորական մանդատ։ Այնպես որ, եթե իրենց պետք է պատգամավորական մանդատ վերցնել, առանց այդ «հիմնավորումների», ըստ իս՝ անլուրջ, թող գնան եւ վերցնեն։ Ինձ համար բացարձակ հասկանալի չի այս դեբատները, դուելները, մենամարտերը՝ մանդատ վերցնել-չվերցնելու։ Լինենք շատ անկեղծ՝ ոչ իրենց մանդատ չվերցնելուց է ինչ-որ բան փոխվելու, որովհետեւ իրենք կարծես այլեւս նպատակ չունեն փողոցային պայքարի, այլապես չէին ճանաչի ընտրությունների արդյունքները, իսկ եթե մանդատ վերցնում են՝ նշանակում է՝ ճանաչում են ընտրությունների արդյունքները։ Եվ ոչ էլ իրենց մանդատ վերցնելուց է որեւէ բան փոխվելու, որովհետեւ իրենց հատարարությունները՝ «հեսա գնանք՝ տեսեք ինչ ենք անելու խորհրդարանում», այդ կարգի հայտարարությունները մենք լսել ենք 2021-ի օգոստոսի 2-ին։

Ընդդիմությանը քիչ քվե չի տվել ժողովուրդը, քիչ մարդ չի, որ մերժել է Նիկոլին՝ 540 հազարից ավել ադեկվատ, մտածող, արժանապատիվ մարդիկ են. պետք չի, էլի այսպիսի բաներով՝ «մանդատ վերցնենք, որ չթողնենք Նիկոլը գլխավոր դատախազ նշանակի կամ ԲԴԽ անդամ նշանակի»… դրա համար չեն ձեզ քվե տվել ձեզ ընտրող մեր լուրջ հայրենակիցները։

Պետք է պարզապես ասել, որ մենք վերցնում ենք մանդատները, գնում ենք խորհրդարան, գտնում ենք, որ անելիք ունենք՝ առանց «հիմնավորումների», որոնք մեղմ ասեմ՝ լուրջ չեն։ Եթե Նիկոլին 3/5 պետք լինի, հենց ձեր կողքին նստածին տեղում կսարքեն գեղամնազարյան եւ կվերցնեն՝ որ պահին դա իրենց պետք եղավ։

-Որոշ վերլուծաբաններ էլ պնդում են՝ Հայաստանն արտահերթ ընտրությունների շեմին է։ Դրա քաղաքական կամ աշխարհաքաղաքական նախադրյալները տեսնո՞ւմ եք։

-Ես չեմ կարծում, որ արտահերթ ընտրության շեմին է Հայաստանը։ Ավելին, եթե աշխարհաքաղաքական պրիզմայով դիտարկենք, ըստ էության երկու բեւեռները՝ Արեւմուտքը եւ ՌԴ-ն, այս որակի խորհրդարանով ինչ-որ մի կոնսենսուսային լուծում գտան. պրոարեւմտամետ իշխանություն, պրոռուսամետ ընդդիմություն։ Կարծում եմ, բոլորն էլ գոհ են եւ բավարարված։

-ՌԴ նախագահը դեռ չի շտապում շնորհավորել, ավելին, քննադատություններ են հնչում այդ երկրից։

-Վստահ եմ, շնորհավորելու է։ Մեկ րոպե անգամ դրանում չեմ կասկածում։ Ամսի 14-ին, երբ արդյունքները կամփոփվեն, մենք կտեսնենք նաեւ ՌԴ նախագահի շնորհավորանքը։ Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր իրենց տեսությունները կառուցում են սոլովյովների եւ մարգարիտասիմոնյանների՝ «տես ոնց սատկացրեցին այս իշխանությանը» թեզի վրա, եւս մեկ անգամ հիասթափություն է սպասվում։

-Հիմա՝ մանդատները վերցնե՞ն, թե՝ չվերցնեն։

-Ավելի քան վստահ եմ, մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները։ Կոչ չեմ անում՝ չվերցնել, որովհետեւ չվերցնելու դեպքում ես չեմ տեսնում, թե ի՞նչ կարող են անել։ Իրենք որեւէ ճանապարհային քարտեզ չեն ներկայացնում։ Բայց նաեւ իմ ինտելեկտը վիրավորվում է, երբ վերցնելը փորձում են հիմնավորել մանկապատանեկան ձեւակերպումներով։ Պետք է ընդամենն ասել՝ վերցնենք մանդատները, որովհետեւ չվերցնելը բացարձակապես հասկանալի չի, չգիտենք, թե ի՞նչ է տալու։ Կամ էլ՝ ազնիվ ասեք՝ վերցնենք՝ տեսնենք, թե ի՞նչ կլինի։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930