Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորության թեկնածուն անձեռնմխելիություն ունի, և մեզ բոլորիս պաշտպանողը ԿԸՀ-ն է։ Բայց դեպք չի եղել, որ դատախազությունը դիմի ԿԸՀ՝ թեկնածուի նկատմամբ քրեական գործ նախաձեռնելու, ու ԿԸՀ-ն մերժի». Էդգար Ղազարյան

Հունիս 17,2026 23:20 Share

Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի քննարկման ժամանակ նրա թիմակից, նույնպես պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը ՀԿԴ-ի բակում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ կալանքի վերաբերյալ որոշում դեռ չկա, առայժմ այս պահին ձերբակալվել է։ Հուսանք, որ կալանքի վերաբերյալ որոշում չի կայացվելու։ Սա ակնհայտ ապօրինություն է, իշխանությունների հերթական բռնաճնշումն է Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների՝ առանցքային դերակատարներից հերթական գործչի նկատմամբ։ Բոլորդ գիտեք, որ պարոն Ղազինյանը մեր համամասնական ցուցակի առաջին տասնյակի պատգամավորի թեկնածու է։ Սրան իշխանական պատվեր լինելուց բացի ուրիշ որակում չի կարելի տալ։

Կարծեմ այսօր էր, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում իշխանությունը բռնազավթած Հայրենիքի գողը, որը դարձել է նաև մանդատագող, նաև կեղծ տեղեկություններ էր տարածում ընտրակաշառքների վերաբերյալ, երբ որ միակ ընտրակաշառք բաժանողն այս ժամանակահատվածում եղել է միայն իշխանությունը։ Եվ մենք մեր բողոքարկումների ժամանակ փաստերով ներկայացնելու ենք և առաջիկայում էլ ՍԴ-ում ենք ներկայացնելու։ Այն խայտառակությունը, որ տեղի է ունեցել հունիսի 7-ին և դրան նախորդող շրջանում, այդ ամենը փաստագրված է։

Ես ծանոթացել եմ գործի հետ կապված ձայնագրություններին, որոնք նաև հրապարակել են։ Ակնհայտ է, որ այնտեղ նման որևէ դրսևորում գոյություն չունի, և սա ակնհայտ, հանիրավի քաղաքական բռնաճնշման դրսևորում է, որը որևէ արդարացում որևէ կերպ ունենալ չի կարող։ Այսինքն՝ սա կարող ենք որակել որպես ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելու ենթադրյալ հանցագործություն, որը տվյալ դեպքում իրականացնում են իրավապահ մարմինները»։

Խոսելով դատարանից ակնկալիքների մասին՝ Էդգար Ղազարյանը շարունակեց. «Ակնկալիքներ, որպես այդպիսին, բնականաբար, չկան, որովհետև այս պահին այս դատարանը ասես դարձել է Ուժեղ Հայաստանի գրասենյակ։ Այսինքն՝ մենք ցերեկը գնում ենք մեր գործերով, երեկոյան գալիս ենք Հակակոռուպցիոն դատարան։ Ճիշտ կլիներ՝ մեզ այստեղ մի սենյակ հատկացնեին, ջրի, սուրճի սարք դնեին։ Սա ամենօրյա տեղ է դարձել Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների համար։

Ու մինչև հիմա կայացրած որոշումներն ի՞նչ են եղել։ Մոտավորապես այդ բովանդակության են եղել։ Եթե նույնիսկ կալանքի վերաբերյալ չեն եղել, ապա եղել են տնային կալանք, խոչընդոտել են մեր հիմնական գործիչներին՝ մասնակցելու քարոզարշավին, կատարելու իրենց ֆունկցիաները։ Այսինքն՝ արդարադատության ակնկալիք առանձնապես չկա։ Սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն։ Իմ կարծիքով՝ դատարաններն էլ են վատ վիճակում, որովհետև եթե պատվեր կա կատարելու համար, գոնե պիտի իրավական հիմքեր լինեն, չէ՞։ Ասենք՝ երկու հավաքարար նստած խոսում են։ Ընտրակաշառքը հանցագործության այն տեսակներից է, որն առնվազն երկու սուբյեկտ պիտի ունենա՝ և՛ տվողը, և՛ վերցնողը։ Քրեական օրենսգրքով ոչ միայն ընտրակաշառք տալն է հանցագործություն, այլ նաև վերցնելը։ Այս գործում վերցնող չկա։ Ոչ տվող կա, ոչ վերցնող։ Կա երկու հավաքարար, որոնք սուրճ խմելուց խոսում են։ Ու պատկերացնո՞ւմ եք, Դավիթ Ղազինյանի պես մարդը ձերբակալված է։ Այստեղ իրավագիտություն, իրավաբանություն ընդհանրապես գոյություն չունի։ Եվ մարդուն բերել այդ կարգավիճակին՝ քաղաքական ճնշումից բացի ուրիշ ոչ մի բան չկա»։

Էդգար Ղազարյանը խոսեց նաև պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիության մասին՝ դրան տալով կարևոր նշանակություն։

«Պատգամավորության թեկնածուն, ես էլ եմ թեկնածու, անձեռնմխելիություն ունի։ Եվ մեզ բոլորիս պաշտպանողը ԿԸՀ-ն է։ Դեռևս դեպք չի եղել, որ դատախազությունը դիմի ԿԸՀ՝ թեկնածուի նկատմամբ քրեական գործ նախաձեռնելու, ու ԿԸՀ-ն մերժի։ Օրենսդիրը ԿԸՀ-ին տվել է իր կողմից գրանցված թեկնածուին նման տեսակի քաղաքական ոտնձգություններից իրավաբանորեն պաշտպանելու ինստիտուտը։ Դա նշանակում է, որ օրենքով ամրագրված այդ ինստիտուտը գործնականում, իրավակիրառ պրակտիկայում, գոյություն չունի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930