Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ Մայադին». Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար. «Ազգ»

Հունիս 19,2026 11:01 Share

Երեւի ավելորդ չէ երբեմն իմանալը, թե մեզ եւ մեր երկրի ընթացքն ինչպես են ընկալում, գնահատում, նաեւ, մեզ համար կարեւոր արաբական աշխարհում: Այդ աշխարհի մի հեղինակավոր թերթի՝ «Ալ Մայադին»-ի այս հրապարակումը վերնագրված է «Ինչպես է Փաշինյանը դարձել պատճառ այն բանի, որ Հայաստանը հայտնվել է ադրբեջանա-թուրքական գերազդեցության ներքո»:

Մեր խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիսի 30-ին տպագրված ծավալուն հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք հատվածաբար:

Թուրքիան պատրաստվում է աշխարհաքաղաքական ծավալման նոր փուլի: Այս անգամ այն ձգտում է գերիշխող ազդեցություն հաստատել Կենտրոնական Ասիայում:

Այն բանից հետո, երբ Թուրքիայի շահերը սկսեցին ավելի ու ավելի հակասել բազմաթիվ արաբական պետությունների շահերին, Միացյալ Նահանգները վերանայեց իր տարածաշրջանային ռազմավարությունը: Վաշինգտոնը հրաժարվեց Անկարային արաբական տարածաշրջանում գլխավոր խաղացող դարձնելու գաղափարից՝ նախապատվություն տալով Իսրայելին: Ընդսմին Թուրքիային հնարավորություն տրվեց մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Նման գիծը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին, քանի որ թույլ է տալիս թուրքական գործոնն օգտագործել Ռուսաստանի եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ զսպելու համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, որի երթուղիներն անցնում են Կենտրոնական Ասիայով:

Հարավային Կովկասում Նիկոլ Փաշինյանի դերին նախապատրաստությունը սկսվել էր մի քանի տարի առաջ, երբ Ամերիկան աջակցեց «գունավոր հեղափոխությամբ» նրա իշխանության գալուն: Նպատակն էր Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ այն Մոսկվայի դաշնակցից վերածել հակառակորդի՝ հարավից լրացուցիչ ճնշում ստեղծելով Ռուսաստանի վրա: Ամերիկյան շրջանակների կողմից պատրաստված Փաշինյանը պատրաստ էր կատարել իրեն հատկացված դերը, եթե անգամ այն հակասում էր Հայաստանի շահերին: Նրա առաջին քայլը Ռուսաստանից՝ բնական դաշնակցից, ինչպես նաեւ մեկ այլ դաշնակից Իրանից որոշակի հեռավորություն ստեղծելն էր: Փոխարենը, Վաշինգտոնի հրահանգով, նա լավ հարաբերություններ հաստատեց Անկարայի հետ: Որպես արդյունք, Հայաստանի դիրքը խոցելի է դարձել իր վաղեմի հակառակորդների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ: Երկու երկրներն էլ Հայաստանին նայում են իբրեւ ուղիղ ցամաքային կապեր հաստատելու համար աշխարհագրական խոչընդոտի եւ ձգտում են բացել ճանապարհ Թուրքիայից դեպի Ադրբեջան, այնուհետեւ՝ Կասպից ծովի արեւելյան ափեր ու դեպի Թուրքմենստան: Նման սցենարը գնահատվում է որպես թուրքական ազդեցության ամրապնդում Կենտրոնական Ասիայի երկրներում եւ, հարդյունս դրա, տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ընդլայնում: Այդ ամենի նպատակն է խաթարել Ռուսաստանի եւ Իրանի ազգային անվտանգությունը:

Մինչ Փաշինյանը զբաղված էր այս հարցերով, Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի Լեռնային Ղարաբաղի համար, որի նկատմամբ Հայաստանը վերահսկողություն էր հաստատել 1990-ականների սկզբին: 2020 թվականին, Փաշինյանի՝ հայկական բանակը թուլացնող քաղաքականության պատճառով Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի դեմ եւ վերահսկողություն ստանձնեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) զգալի տարածքների նկատմամբ:

Մոսկվայի նկատմամբ Փաշինյանի բացասական դիրքորոշման պատճառով Ադրբեջանը զգաց, որ Հայաստանը հեռանում է իր ամենակարեւոր դաշնակցից՝ ավելի թուլացնելով դիրքերը: Սա հանգեցրեց նրան, որ 2021 թվականի մայիսին Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ եւ Միացյալ Նահանգների լուռ համաձայնությամբ: Դրա արդյունքով Ադրբեջանը գրավեց տարածքներ, որոնք Հայաստանը համարում էր իրենը: Փաշինյանը հրաժարվեց Ադրբեջանի գործողություններին ռազմական պատասխանից եւ ընտրեց ԱՄՆ-ի միջնորդությունը: Սա Հայաստանում շատերին ստիպեց նրան կասկածել հայկական տարածքի մի մասը զիջելու դավադրության մեջ: Նրանց կարծիքով դա կարող էր արվել Հայաստանով դեպի Թուրքիա ցամաքային միջանցք ստեղծելու համար, որը կապահովեր ցամաքային կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մեղադրանքներն ուժեղացան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի… հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, նրա երկրորդ ժամկետի սկզբում: Փաստաթղթով նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտը մերն է- Գ.Մ.) ստեղծում, որը պետք է անցնի արեւելյան Թուրքիայի տարածքից՝ Հայաստանի միջով մինչեւ Ադրբեջան: Սա կարող է ստեղծել ցամաքային կամուրջ, որը կկապի Թուրքիան եւ Թուրքմենստանը: Նման քայլը Վաշինգտոնին թույլ կտա ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ առաջանալ դեպի Կենտրոնական Ասիա:

Թարգմանեց Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930