Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հրահրում է՝ դուրս գան փողոց, բոլորին նկարի, դրանց հերն էլ անիծի. Հովիկ Աղազարյան

Հունիս 19,2026 15:36 Share

«Աննախադեպ իրավիճակ է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել օրենքի խախտում: Այսպիսի խախտում չեմ լսել՝ որեւէ ժամանակ կամ որեւէ տեղ եղած լինի: Սա լուրջ վտանգներ է պարունակում իշխանության լեգիտիմության առումով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ըստ նրա՝ եթե սխալ է թույլ տրվում 10-20 000 ձայնի հետ կապված, բայց դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, դա մի իրավիճակ է, բայց երբ տեղի է ունենում 54 ձայնի հետ կապված խախտում ու դա ազդում է արդյունքների վրա, որոշիչ է դառնում՝ այս ուժը մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ չի մտնում, հավանական կառավարող ուժն ունենո՞ւմ է 2/3-րդ մեծամասնություն մանդատների հաշվարկով, թե՞ չի ունենում. լուրջ անցումային իրավիճակներ են. «Հետեւաբար այստեղ պետք է մի քիչ ուրիշ ձեւով արվեր»:

Աղազարյանի խոսքով, ընդհուպ պետք է որոշվի նոր ընտրություններ անցկացնել Հայաստանում. «Որովհետեւ, ըստ լուրերի, ոչ ապացուցված դատարանի վճիռներով, վարչապետը հայտարարում է, որ մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվել, ինքն էլ իշխանություն է, չի կարողացել դեմն առնի: Մյուս կողմից էլ ԲՀԿ- ի հետ կապված դեպքը: Այս երկուսը, որ գումարում ենք իրար, ակնհայտ է, որ վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ պետք է լինեն: Դժվար է ասել՝ ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, բայց ընդդիմության կողմից այդ քայլը պետք է կատարվեր»:

Աղազարյանի դիտարկմամբ՝ ընդդիմության հաղթանակի բանալին ընդդիմության համախմբումն էր, ինչքան էլ որ բարդ հարց է. «Հիմա Սամվել Կարապետյանը նախաձեռնում է համախմբում, եթե համախմբման լոզունգը պետք է լինի «Ուժեղ Հայաստան. միայն Սամվել Կարապետյանի հետ», ապա ոչինչ չի ստացվի , ինչպես չստացվեց: Ինչպես ասում էինք «Ուժեղ Հայաստան միայն…», միայն բառը ավելորդ էր ու համախմբումը չեղավ…Պետք է քաղաքական ուժերը կարողանան վեր կանգեն ամեն ինչից ու լուծեն առաջին հարցը՝ ոչ թե իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանին հանենք, Սամվել Կարապետյանին դնենք, այլ առաջին հարցը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին հանել իշխանությունից, հանել միասնական ուժերով: Երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, այդ ժամանակ այդ ուժերը իրար փոր թող թափեն ու գան իշխանության թափանցիկ ու հավասար պայմաններով՝ առանց վարչական ռեսուրսի»:

Հարցին, թե ինքը անձամբ պատրա՞ստ է իր կուսակցությամբ բանակցել Սամվել Կարապետյանի հետ, հասկանալ ստեղծված իրավիճակում ինչ կարելի է անել, Աղազարյանը արձագանքեց. «Ախր Ժիրայր Սեֆիլյանը ինչո՞ւ պետք է կանգնի Սամվելի կողքին, Սամվելն ո՞վ է, որ ժիրայրը կանգնի կողքին, Հովիկ Աղազարյանը ինչո՞ւ պետք է կանգնի Սամվել Կարապետյանի կողքին, Սամվել Կարապետյանն ո՞վ է, որ Հովիկ Աղազարյանը կանգնի կողքին… այսինքն` Սամվել Կարապետյանն ավելի ուժեղ քաղաքական գործի՞չ է, քան ե՞ս, հա՞, կամ ավելի ուժեղ քաղաքական գործիչ է, քան Ժիրայր Սեֆիլյա՞նը, հա՞: Եթե դու ուզում ես համախմբել, պետք է մեծ ու փոքր չանես, դու համախմբի, համախմբվեք. Նիկոլին հեռացրեք իշխանությունից, հետո արի դարձի վարչապետ… չեն ուզում ոչ մեկին լսեն, ուզում են իրենք դեւին սպանեն, իսկ ով մենակ է դեւին սպանում՝ ինքն է դառնում դեւ, ինձ պետք չէ այդ դեւը»:

Արձագանքելով ընդդիմության մանդատ վերցնել-չվերցնելու հարցին, Աղազարյանը կարծիք հայտնեց, որ եթե ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, ապա ընդդիմությունը անպայման պետք է վերցնի մանդատները, եթե ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան, չպետք է վերցնել մանդատները:

Աղազարյանը վստահ է, որ փողոց այսօր հնարավոր չէ գեներացնել. «Որ ասում էի՝ Նիկոլ Փաշինյանը կդիմի ուժային մեթոդների, ասում էին հեղափոխական վիճակ կառաջանա: Ո՞վ է դուրս գալու փողոց այսօր, վաղը կարող է դուրս գան: Հիմա ասեմ՝ ինչու այսօր դուրս չեն գա, որովհետեւ այն հարյուր հոգին, որ գաղտնի քվեարկությամբ ձայն է տվել ընդդիմությանը, իրենց կոչով այդ 100 հոգուց երկու հոգի հազիվ դուրս գան փողոց: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ դուրս եկեք, հեղափոխություն արեք: Այսինքն՝ ուզում է մի հատ նկարի փողոցում, անկյուններից ջոկի, որ դրանց հերն էլ անիծի: Ինքը հինգ տարի հետոյի մասին է մտածում, ոչ թե իրենց նման մի ժամվա մասին: Այսօր չկա այդ առաջնորդը, որ փողոցային շարժում կարող է գեներացնել, այս ռեպրեսիվ ճնշումների պայմաններում մարդիկ կանհանգստանան փողոց դուրս գան, որ Նիկոլն ասում է՝ դուրս եկեք, հեղափոխություն արեք, ինքը հրահրում է, որ ակտիվիստներին հավաքի, նկարի ու հարցերը լուծի»:

Աղազարյանը պնդում է, որ միայն մի դեպքում փողոց դուրս կգան քաղաքացիները, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվի ստորագրել, այսպես ասած, ադրբեջանցի փախստականների վերադարձի փաստաթուղթ: Լրագրողի հարցին, բայց Փաշինյանն ասել է՝ իր իշխանության օրոք, ոչ մի ադրբեջանցի Հայաստան չի գալու, չե՞ք վստահում Փաշինյանին, Աղազարյանը պատասխանեց. «Ես իր խոսքերին վստահում եմ, ինքը կստորագրի, հինգ տարի հետո իշխանության չի լինի, այդ ժամանակ կգան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930