Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

Հունիս 19,2026 16:58 Share

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ Ուրսուլա դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։

Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը: Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։

ԵՄ – Հայաստան Տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու և մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.
«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։

Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930