Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խոսում ենք իրականում անձի կենսագրական տվյալների, մեղմ ասած՝ հպարտանալու կենսագրության մասին». Արամ Վարդևանյանը՝ Արթուր Ավանեսյանի մասին

Հունիս 25,2026 20:11 Share

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող Արցախյան պատերազմների հերոս, լեգենդար հետախույզ-հրամանատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար և պատգամավորության թեկնածու Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, և մյուսների՝ Գեղամ Զաքարյանի, Արթուր Իսկանդարյանի գործով նախնական դատական նիստում մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց երկու ամսով կալանավորված Արթուր Ավանեսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել ևս երեք ամսով, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքն ու բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։

Պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, որ նախաքննությունն ավարտված է, բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, նույնիսկ՝ լրացուցիչ, գործը գտնվում է գնահատողական տիրույթում, հետևաբար, ավարտված են նաև վկաների վրա ազդեցություն գործելու, այդպիսով դատաքննության ընթացքը խոչընդոտելու ռիսկերը։

«Այս գործերից բխող մեկ փաստական հանգամանքի մեկ իրատեսական պատճառաբանություն, ողջամիտ ենթադրություն մենք չենք լսում հանրային մեղադրողից, որ ծայրահեղ անհրաժեշտ է Արթուր Ավանեսյանին պահել շարունակական կալանքի տակ, որ… Այդ «որից» հետո ոչ մի բան չկա։ Այդ «որից» հետո մենք տեսնում ենք, որ Արթուր Ավանեսյանին շարունակական կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա և իրավաչափ չէ»,- հայտարարեց Արթուր Ավանեսյանի պաշտպանը՝ դատարանին առաջարկելով կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, սահմանափակում նախատեսել՝ մյուս մեղադրյալների հետ չշփվելը, ինչը լիարժեքորեն կարող է ապահովել նրա պատշաճ վարքագիծը։

Արամ Վարդևանյանը միացավ գործընկերների դիրքորոշմանը։

«Պարոն Ավանեսյանը սույն քրեական վարույթի շրջանակում միակ անձն է, որի նկատմամբ կիրառված է եղել ամենաինտենսիվ խափանման միջոցը՝ կալանքը։ Կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Երեք ռիսկերն էլ ի սկզբանե վկայակոչվել են, և դրանցից դատարանը գտել էր միայն մեկի առկայությունը, որի հետ մենք կտրականապես համաձայն չէինք։ Այն կառուցված էր բացառապես այն տրամաբանությամբ, որ գտնվում ենք քրեական վարույթի ամենասկզբնական փուլում։ Եվ ենթադրյալ այդ գաղտնալսումը, ես այս ձևակերպումն օգտագործելը տեղին եմ համարում, որովհետև դատարանը այն դեռևս չի հետազոտել, տաք հետքերով էր հրապարակվել, որին հաջորդել էին ինտենսիվ վարույթային գործողություններ։ Ի դեպ, վկայակոչվել էր նաև լայնածավալ քննչական գործողությունների անհրաժեշտությունը։ Բայց նախաքննական մարմինը ոչ իրավացի, իրականության հետ որևէ առնչություն չունեցող տվյալ էր տվել դատարանին»,- ասաց փաստաբանը։

Արամ Վարդևանյանը նաև համոզմունք արտահայտեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը պետք է վերացվի։ «Մենք խոսում ենք իրականում անձի կենսագրական տվյալների տեսանկյունից։ Մեղմ ասած՝ հպարտանալու կենսագրության մասին։ Պատվարժան դատարան, գործընկերս ներկայացրեց խափանման միջոցի մի այնպիսի տեսակ, որն իսկապես ցանկացած ռիսկ կարող է զսպել։ Եվ ես անկեղծորեն խնդրում եմ ձեզ նշվածն ապահովել»։

Արամ Վարդևանյանը, որպես լրացուցիչ հանգամանք, առաջարկեց վարչական հսկողության հետ համակցված՝ որպես խափանման միջոց դիտարկել նաև մինչև 10 միլիոն դրամ գրավը։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց.

Արթուր Ավանեսյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 3 ամիս տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելք խափանման միջոցով։

Գեղամ Զաքարյանի տնային կալանքը փոխել և կիրառել վարչական հսկողություն՝ առանց էլեկտրոնային հատուկ սարքերի կիրառման։

Արթուր Իսկանդարյանի նկատմամբ կիրառված չբացակայելու արգելքը թողնել անփոփոխ։

Դատարանը նաև որոշեց, որ Արթուր Ավանեսյանի տնային կալանքի ողջ ընթացքում՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը՝ ժամը 15։00-ին, նշանակվում է դատական նիստ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930