Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը

Հունիս 27,2026 22:15 Share

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։

Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին։

Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին եւ նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ:

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։
Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։

Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

 ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930