ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։
Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ևս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և իրավական փոխօգնության ոլորտների զարգացումը:
Քննարկվել են նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների առաջնահերթությունները, որոնք ներառում են դատական և իրավական բարեփոխումները:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգի թվայնացմանը։
Ընդգծվել է, որ Հայաստանի համար Էստոնիայի փորձը կարևոր ուղենիշ է, քանի որ այն հիմնված է տեխնոլոգիական նորարարությունների, ամուր իրավական հիմքերի և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումների վրա:
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ ներառյալ թվային արդարադատության, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ եղանակների շուրջ փորձի փոխանակման ուղղություններով։
ՀՀ արդարադատության նախարարություն



















































