«Ես որ եկել, աշխատանքի եմ ընդունվել, չորս փոխտնօրեն է եղել։ Հիմա երկու փոխտնօրեն էր մնացել։ Հիմա էլ նպատակահարմար եմ գտել՝ մեկը մնա։ Հիմնարկի կառավարողը ես եմ, ինձ վստահում են, ու արդյունքները տեսնում եք»,-լրագրողների հարցին, թե ինչու է հունիսի 7-ի ընտրություններից հետո աշխատանքից ազատել Դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն, դեղագործական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազարյանին, որը քաղաքական գործիչ, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանի քույրն է, այսպես արձագանքեց Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանը՝ շրջանցելով նաև հարցերը, թե տիկին Ղազարյանը, գուցե, պրոֆեսիոնա՞լ չի եղել կամ թերացե՞լ է աշխատանքում։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ հիմնավորումով է տնօրենն իր տեղակալին ազատել, ինչին Արայիկ Բաղրյանը հակադարձեց. «Ես պարտավոր չեմ ոչ մեկին հիմնարկի ներքին խոհանոցից մանրամասներ ասել»։ Լրագրողները համառեցին իրենց հարցադրման մեջ, թե Լիլիթ Ղազարյանը որևէ սխա՞լ է գործել, որը աշխատանքից ազատելու հիմք կհանդիսանար։ Արայիկ Բաղրյանն էլ իր հերթին անդրդվելի մնաց ու կրկին հստակ հարցին հստակ պատասխան չհնչեցրեց։
Aravot.am-ը տեղի ունեցածը մեկնաբանել խնդրեց Էդգար Ղազարյանին.
«Վստահ ասում եմ։ Իմ քրոջն աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել հունիսի 8-ին։ Այսինքն՝ ընտրությունների հաջորդ օրը Դեղերի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարը նրան հորդորել է, որպեսզի կամովին աշխատանքից ազատման դիմում գրի։ Քույրս հրաժարվել է, չի ցանկացել ազատվել աշխատանքից, որովհետև այդ կենտրոնի հետ կապված է իր կյանքը։ Արդեն 30 տարի նա աշխատում է այնտեղ, վերջին 22 տարին՝ փոխտնօրենի պաշտոնում։ Այս տնօրենը իր հերթականներից մեկն է։ Ընդ որում, Լիլիթը փոխտնօրենի պաշտոնում նշանակվել է կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կողմից։ Այսինքն՝ դեռևս եղել է Էմիլ Գաբրիելյանի տեղակալը։
Կարդացեք նաև
Ինքը 22 տարի մնացել է փոխտնօրենի պաշտոնում՝ հաշվի առնելով դեղերի կարգավորման ոլորտում իր բացառիկ մասնագիտական գիտելիքները։ Կենտրոնում պաշտոնավարման շրջանում պաշտպանել է նաև թեկնածուական ատենախոսություն, դարձել դեղագործական գիտությունների թեկնածու, հիմա արդեն իրավունքի ուժով՝ դոկտոր, բազմաթիվ գիտական հրապարակումներով է հանդես եկել, այդ թվում՝ համաշխարհային բացառիկ հեղինակություն ունեցող գիտական ամսագրերում, հանդեսներում, մասնակցել է բազմաթիվ արտասահմանյան գիտաժողովների, դարձել է ԱՀԿ փորձագետ՝ եզակի փորձագետ Հայաստանում։ Հայաստանում երկրորդ փորձագետը չկա ԱՀԿ դեղերի կարգավորման ոլորտում։
Ու հիմա ընտրության հաջորդ օրը պարզ ասել են, որ ընտրություններն ավարտվել են՝ դու պետք է հեռանաս։ Ինքը կամովին դիմում չի գրել, որից հետո սկսվել է նրան պաշտոնից ազատելու ապօրինի գործընթաց։ Տնօրենը սկսել է հաստիքացուցակում փոփոխություններ կատարել, ինչի իրավունքը չունի։ Առանց օրենքով սահմանված ժամկետում իրեն ու մյուս աշխատակիցներին դրա մասին տեղյակ պահելու։ Երբ պետական կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություններ են լինում, առնվազն երկու ամիս առաջ ամբողջ աշխատակազմին են գրավոր ծանուցում տալիս, որովհետև չգիտեն, թե ով կարող է ազատվել։ Կառուցվածքային փոփոխության նպատակը մարդուն ազատելը չէ։
Այդպիսի բան չի եղել։ Ընդամենը, առանց հիմնավորելու, տնօրենը փոխել է հաստիքացուցակը՝ մի փոխտնօրենի պաշտոնը վերացնելով։ Բայց հարց է առաջանում. ո՞ր փոխտնօրենի պաշտոնն է կրճատվել, եթե այդ հիմնարկն ունի երկու փոխտնօրեն, ինչո՞ւ է անվանական որոշում կայացրել։ Հետևաբար, երկու փոխտնօրեններն էլ պիտի պաշտոնից ազատվեն, ու մրցույթով որոշվի, թե ով պիտի այդ պաշտոնն զբաղեցնի։
Սա պետական կառավարման ոլորտ է, մասնավոր հիմնարկ չէ։ Այսօր տնօրենին լսում եմ՝ լրագրողներին ճեպազրույց է տալիս ու ասում՝ ես այդպես եմ որոշել։ Գնա, տանդ ինչ հարցեր ուզում ես որոշիր։ Սա պետական հիմնարկ է, պետական կառավարման ոլորտ է։ Ու դու պետք է հաշվետու լինես քո բոլոր որոշումների համար։
Բացարձակ ապօրինի որոշում է։ Այսօր նաև առողջապահության նախարարն էր ասուլիս տվել։ Ակնհայտորեն խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց և հակասական տեղեկություններ է տալիս՝ ըստ էության, խոստովանելով, որ դա իր ցուցումն է եղել»։
Էդգար Ղազարյանը առավել քան համոզված է և պնդում է, որ իր քույրն աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների համար, որ սա քաղաքական հետապնդման կլասիկ դրսևորում է՝ բացառապես ընտանիքի անդամ լինելու հանգամանքով պայմանավորված։ Նա նաև Aravot.am-ին տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, ապօրինի որոշումը կվիճարկեն դատական կարգով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































