Այսօր Կապան համայնքի տարեգրության մեջ արձանագրվեց ևս մեկ պատմական իրադարձություն։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և կառավարման արդյունավետ քաղաքականության շնորհիվ կյանքի կոչվեց ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող՝ Կապանի համայնքապետարանի շենքի վերակառուցման ծրագիրը։
2026 թվականի հունիսի 30-ին պաշտոնապես վերաբացվեց համայնքապետարանի շենքը՝ նոր ոճով ու նոր շնչով՝ միաժամանակ պահպանելով իր վեհությունն ու ճարտարապետական դիմագիծը։
Կարդացեք նաև
Հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց համայնքապետարանի բարեկարգված այգում, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները գործարկելով նորակառույց շատրվանը` խորհրդանշական կերպով նշանավորեցին այգու վերաբացումը։
Այնուհետև, ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կտրելով կարմիր ժապավենը՝ Գևորգ Փարսյանն ազդարարեց ամբողջովին վերակառուցված և նոր կառուցված մասնաշենքի բացումը։
Շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ ընդգծելով, որ համայնքապետարանի գործունեության գլխավոր առաքելությունը կա և շարունակելու է մնալ կապանցիներին ծառայելն ու ի շահ Կապանի գործելը։
Արարողությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու համայնքապետարանի հարկաբաժիններում՝ գնահատելու իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքը, ժամանակակից ենթակառուցվածքներն ու այն նոր միջավայրը, որը ստեղծվել է ինչպես աշխատակիցների արդյունավետ գործունեության, այնպես էլ քաղաքացիներին առավել որակյալ ծառայություն մատուցելու համար։
Հանդիսավոր միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, պաշտոնատար այլ անձինք, համայնքապետարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքի բնակիչները։
Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացումը, վերակառուցումն ու նոր մասնաշենքի կառուցումը իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ շուրջ 911 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի մասնաբաժնի մի մասը ֆինանսավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Շենքի կահավորման և վերազինման հարցում համայնքին ևս աջակցել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը։
Իսկ Կապանի համայնքապետարանի հարակից այգու նորոգման համար համայնքի բյուջեից հատկացվել է շուրջ 138 մլն ՀՀ դրամ։
Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ։
Կապանի համայնքապետարան



















































