Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. Արա Զոհրաբյան

Հուլիս 01,2026 21:25 Share

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքայելյան) այսօր՝ 01.07.2026 թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։

Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։

Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Վճռի կարևորագույն իրավական հետևանքն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են։

Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակներում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։

Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին։

Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։

 

Փաստաբան Արա Զոհրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031