Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՄԱ-ի տնօրեն Վարդան Ջհանյանը ներկայացրեց ասոցիացիայի 2026–2027թթ. գործունեության հաշվետվություն

Հուլիս 02,2026 21:01 Share

Այսօր՝ հուլիսի 1-ին, կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած տարվա գործունեության արդյունքները և քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Համաժողովը վարում էր ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վարդան Ջհանյանը։

Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց ասոցիացիայի կարևոր դերակատարումը պետություն-մասնավոր հատված գործակցության ամրապնդման, ոլորտի առջև ծառացած մարտահրավերների համատեղ հաղթահարման և պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքների առաջմղման գործում։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

Փոխնախարարը կարևորեց հանքարդյունաբերության ոլորտում պետության և մասնավոր հատվածի արդյունավետ գործակցությունը՝ առանձնահատուկ ընդգծելով նախարարության և ՀՀՄԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվող հիմնադրամի նշանակությունը, որը միտված է ոլորտի կայուն զարգացմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթ է հանքարդյունաբերության զարգացումը՝ միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան։

Մարտիրոսյանի խոսքով՝ ոլորտի ապագան պայմանավորված է ոչ միայն բնական պաշարների արդյունավետ օգտագործմամբ, այլև շրջակա միջավայրի պահպանության բարձր պատասխանատվությամբ։ Հովհաննես Մարտիրոսյանը նաև բարձր գնահատեց ասոցիացիայի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս նախաձեռնություններն ուղղված են ոչ միայն առկա խնդիրների լուծմանը, այլև դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, որն իր ելույթում նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար հանքարդյունաբերությունն ունի շատ մեծ նշանակություն։ Ընդգծվեց նաև, որ ասոցիացիան հանդես է գալիս որպես կարևոր օղակ պետական մարմինների և հանքարդյունաբերական ընկերությունների միջև՝ նպաստելով ոլորտի համագործակցված և համակարգված գործունեությանը։

Համաժողովի բացման պաշտոնական մասը եզրափակեց Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը։ Նա կարևորեց երկրաբանության և հանքարդյունաբերության փոխկապակցվածությունը՝ շեշտելով, որ այդ գործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի բնական պաշարների արդյունավետ կառավարման և երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից։

Այնուհետև ՀՀՄԱ-ի տնօրեն Վարդան Ջհանյանը ներկայացրեց ասոցիացիայի 2026–2027 թվականների գործունեության հաշվետվությունը՝ ամփոփելով իրականացված ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Զեկույցում առանձնակի ուշադրություն դարձվեց ասոցիացիայի միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Նշվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ համագործակցություն է ձևավորվել մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ICMM-ի, Critical Minerals Association (ԱՄՆ)-ի, European Metals Association-ի, Mining Association of Canada-ի, Ռուսաստանի հանքագործների միության, ինչպես նաև Կանադա–Հայաստան առևտրի պալատի և Canada Eurasia Business Association (CEBA)-ի հետ։

Վարդան Ջհանյանը ներկայացրեց նաև ասոցիացիայի հաղորդակցային քաղաքականության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ թարմացվել է ասոցիացիայի պաշտոնական կայքը, որը համալրվել է անգլալեզու տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս միջազգային գործընկերներին առավել հեշտությամբ ծանոթանալ կազմակերպության գործունեությանը և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին։

Զեկույցում ընդգծվեց, որ ստեղծվել և ակտիվորեն զարգացվում է ՀՀՄԱ-ի LinkedIn-ի պաշտոնական էջը, որը դարձել է ասոցիացիայի միջազգային հաղորդակցության կարևոր հարթակ։ Էջում պարբերաբար հրապարակվում են ոլորտին վերաբերող նորություններ, իրականացվող ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքները և ասոցիացիայի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ նպաստելով միջազգային մասնագիտական հանրության հետ կապերի ամրապնդմանը։

Համաժողովի շրջանակում ստորագրվեցին երկու համագործակցության հուշագրեր։

Առաջինը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի, իսկ երկրորդը՝ Հայաստանի երկրաբանների միության և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև։

Հուշագրերը միտված են ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը և հանքարդյունաբերության ու երկրաբանության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը։

Mining Armenia Forum 2026-ի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանը ներկայացրեց ամենամյա դարձած միջոցառման տեղական և միջազգային նշանակությունը։

Նա ընդգծեց, որ տարեցտարի ֆորումն ընդլայնում է շրջանակները՝ ներառելով ավելի մեծ թվով գործընկերների։

Համաժողովը եզրափակեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը, որը նշեց, որ ասոցիացիայի արդյունավետ գործունեության արդյունքում հաջողվում է ոչ միայն նպաստել հանքարդյունաբերությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, այլև ընդլայնել գործընկերների ցանկը և անդամակցել միջազգային կազմակերպությունների։

 

«Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել