Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արգելել է շփվել քրեական վարույթով անցնող մեղադրյալների հետ

Հուլիս 03,2026 12:30 Share

Մայիսի 27-ից ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում է Կարեն Փիրումյանի, Անդրանիկ Երեմյանի, Դերենիկ Պողոսյանի, Մարիամ Թագվորյանի, Ռուզաննա Աթոյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը։ Դատավորն է Լևոն Պետրոսյանը, հանրային մեղադրողն է Ա Կոստանյանը։

Կարեն Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ․ հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թ․մարտի 2-ը հանդիսանալով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավար, փաստացի իրականացրել է Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոցի 35/5 հասցեում գտնվող՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, որի ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Ա Երեմյանին, Ռ․Աթոյանին, Մ. Թագվորյանին և Դ․Պողոսյանին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խախտելով ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը, Արթուր Ղարիբյանի վիրահատության ծախսերը հոգալու նպատակով բարեգործության անվան տակ վերջինիս անհատույց տվել է 200.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Գործը քննվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։

Հունիսի 10-ի դատական նիստին քննվել էր հանրային մեղադրողի և մեղադրյալ Դերենիկ Պողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները։ Դատարանը մերժել էր դատախազի միջնորդությունը, բավարարել պաշտպան Սիմոնյանի միջնորդությունը։ Դատարանը որոշել էր մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողությունն իրականացնել առանց էլեկտրոնային միջոցների, պարտավորեցրել էր Դերենիկ Պողոսյանին շաբաթը մեկ գրանցվել ՀՀ պրոբացիայի Երևանի քաղաքային մարմնում։ Դատարանն արգելել է նաև հաղորդակցվել քրեական գործով անցնող անձանց հետ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել