Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան. «Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին. Նրան կալանքի միջնորդություն են ներկայացնելու»

Հուլիս 06,2026 21:50 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նրա առանձնատան խուզարկության ավարտից հետո լրատվամիջոցներին ասաց. «Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին։ Նրան տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ՝ դատարան, ու կալանքի միջնորդություն են ներկայացնելու։

Մեծ հաշվով սա է։ Մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն։ Մենք շատ մանրամասներ հիմա չենք ներկայացնի, բայց ընդհանուր առմամբ, այնտեղ, որտեղ Ծառուկյանը կա կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, այդ դեպքում իրեն վերածել են մեղադրյալի։ Խոսքը հայ-իրանական համատեղ առևտրային պալատի ստեղծման մասին է, որտեղ Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները լուրջ զարգանան։

Այսինքն՝ լուրջ ներդրումներ է արել միջպետական հարաբերությունները զարգացնելու առումով, բայց այդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել։ Դրա հետ կապված այստեղ հաղորդումներ կան ներկայացված։ Բայց չարաշահում թույլ տված Իրանի քաղաքացիներն էլ, օգտվելով իրենց հնարավորություններից, իրենք էլ Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել։ Այնտեղի նյութերն ուղարկել են այստեղ։ Եվ չգիտենք՝ ինչու, մեր պետական իրավասու մարմինները հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր, և դրա հիման վրա որոշել են, որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրյալի այն դեպքում, երբ այստեղ նրա մասնակցությամբ կազմակերպությունը պետք է տուժող ճանաչվեր։

Այս տեսանկյունից մեզ համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքացու շահերն այնպիսի իրավիճակում, երբ միջպետական հարաբերությունների զարգացման համար էին այս բոլոր գործողությունները կատարվել, փոխանակ պաշտպանվեն, այս դեպքում ի վնաս են լինում։ Եվ հասկանալի է։ Քանի որ խոսքը Ծառուկյանի մասին է, դրա համար էլ այս գործողությունները կատարվեցին։ Ինչի՞ կատարվեցին։ Որովհետև ուղիղ հայտարարություններ, սպառնալիքներ եղան, որ Ծառուկյանի հետ կապված նման գործողություններ են լինելու։ Ավելին, հենց այս ընթացքում, երբ այս գործողությունը կատարվում էր, իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում էին, որ տեսեք, ասացինք ու արեցինք»։

Երեմ Սարգսյանն այս գործի ոչ իրավական, այլ քաղաքական լինելու վերաբերյալ հարցին պատասխանեց. «Մենք ասենք՝ քաղաքական, թե չասենք, բոլորդ տեսել եք, թե ինչպես է հրապարակային հանձնարարվել, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի, նրա գույքերի, ունեցվածքի հետ կապված։ Դա պարբերաբար ասվել է։ Ու հիմա էլ ասում են՝ ասացինք ու արեցինք։

Մի բան էլ ասեմ։ Ստացվում է, որ բոլոր քննչական մարմինները՝ հարկային, դատախազությունը, բոլորը սպասում էին, որ այսօր, նույն ժամին, բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարելը։ Սա ուղիղ նշանակում է, որ մի կետից հրահանգ է եղել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

ՀՀ Քննչական կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031