Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների հզորացում, ապակենտրոնացում և միջազգային համագործակցության նոր փուլ. Հայաստանի համայնքների միությունն ամփոփել է վերջին վեց ամիսների գործունեությունը

Հուլիս 07,2026 15:01 Share

Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների գործունեության արդյունքները, ներկայացնելով իրականացված ծրագրերը և նախանշելով առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։ Համաժողովը համախմբել էր պետական կառույցների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, միջազգային գործընկերների և ոլորտի մասնագետների՝ դառնալով տեղական ինքնակառավարման զարգացման շուրջ մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ։

Միջոցառումը բացեց Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը։ Իր ողջույնի խոսքում նա ընդգծեց, որ ժամանակակից համայնքները վաղուց արդեն միայն վարչական միավորներ չեն, այլ տնտեսական զարգացման, ներդրումների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի և հանրային ծառայությունների կազմակերպման առանցքային դերակատարներ։ Նրա խոսքով՝ կլիմայական, տնտեսական և ժողովրդագրական փոփոխությունները, ինչպես նաև արագ զարգացող թվային տեխնոլոգիաները համայնքներից պահանջում են նոր մոտեցումներ և ավելի արդյունավետ կառավարում։

Տիգրան Ավինյանը կարևորեց Հայաստանի համայնքների միության դերակատարությունը՝ որպես համայնքների շահերը ներկայացնող և պետական քաղաքականությունների մշակման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող կառույցի։ Նա ընդգծեց, որ Միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանը, ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը, միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից կառավարման գործիքների ներդրմանը։

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը կարևորեց համայնքների առանցքային դերակատարությունը երկրի համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեության և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման գործում։ Նա ընդգծեց, որ համայնքների հզորացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է, իսկ համայնքների և պետական կառույցների միջև շարունակական ու կառուցողական համագործակցությունը հանդիսանում է իրականացվող բարեփոխումների հաջողության կարևոր նախապայմանը։

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը, ներկայացնելով վերջին վեց ամիսների գործունեության համապարփակ հաշվետվությունը, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի համայնքների միությունը շարունակել է իր գործունեությունը երեք հիմնական ռազմավարական ուղղություններով՝ ինստիտուցիոնալ հզորացում, համայնքների կարողությունների զարգացում և համայնքների շահերի պաշտպանություն՝ ազգային ու միջազգային մակարդակներում։

Վերջին ամիսների կարևորագույն ձեռքբերումներից մեկը Միության նոր գրասենյակի բացումն էր Բյուզանդ 1/3 հասցեում։ Նոր տարածքը նախատեսված է ոչ միայն կազմակերպության վարչական գործունեության համար, այլև որպես համայնքների ներկայացուցիչների, փորձագետների և միջազգային գործընկերների համագործակցության, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների կենտրոն։ Սա խորհրդանշում է Հայաստանի համայնքների միության զարգացման նոր փուլը և կազմակերպության ինստիտուցիոնալ ամրապնդումը։

Հաշվետու ժամանակահատվածում էականորեն ընդլայնվել են նաև համայնքներին տրամադրվող մասնագիտական աջակցության գործիքները։ Միությունը ձևավորել է իրավաբանական խորհրդատվության, հանրային կապերի, հաղորդակցության, ճգնաժամային հաղորդակցության, օրենսդրական վերլուծությունների և հաղորդակցական ռազմավարությունների մշակման աջակցության համակարգեր։ Առաջին անգամ կազմակերպվել է նաև Հայաստանի համայնքների հանրային կապերի մասնագետների հանդիպումը՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մասնագիտական ցանց և խթանել փորձի փոխանակումը։

Գործունեության առանցքային ուղղություններից մեկն էլ միջազգային համագործակցության ընդլայնումն է։ Հայաստանի համայնքների միությունը վերջին ամիսներին ակտիվորեն զարգացրել է գործընկերային հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ոլորտի առաջատար կառույցների հետ՝ համայնքներին հասանելի դարձնելով միջազգային լավագույն փորձը, նորարարական լուծումները և զարգացման ժամանակակից մոտեցումները։

Միությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը նաև օրենսդրական գործընթացներին՝ ներկայացնելով համայնքների դիրքորոշումները տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող կարևոր բարեփոխումների շուրջ։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի համայնքների միության 2026–2031 թվականների ռազմավարության մշակման ընթացքը։ Նոր ռազմավարությունը նախատեսում է կենտրոնանալ համայնքների կարողությունների զարգացման, ֆինանսական ինքնուրույնության ամրապնդման, թվային լուծումների ներդրման, միջազգային համագործակցության ընդլայնման, համայնքային ծառայությունների որակի բարձրացման և կայուն զարգացման սկզբունքների ինտեգրման վրա։

Ընդհանուր ժողովը դարձավ ոչ միայն հաշվետվության ներկայացման, այլև ապագայի զարգացման տեսլականի ձևավորման կարևոր հարթակ։ Հնչած ելույթներն ու քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ ուժեղ համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից են, իսկ արդյունավետ տեղական ինքնակառավարումը՝ ժամանակակից պետության հիմնասյուներից մեկը։

Հայաստանի համայնքների միության լրատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031