Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։
Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։
Հարցեր են ծագում նաև կենդանիների և հատկապես խրտվիլակների առգրավման մասով։ Եթե քրեական վարույթի շրջանակում բավարար հիմքեր չկային ապօրինի որսի մասով, ապա իրավապահներն ինչո՞ւ էին որպես իրեղեն ապացույց առգրավում նաև այդ ծավալի խրտվիլակները։ Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ։
Միաժամանակ այս ամբողջ գործընթացն արդեն ողբերգական հետևանք է ունեցել նաև կենդանիների համար։ Առգրավված առյուծներն ու վագրը թեև տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քնեցված կենդանիներից մեկը չի արթնացել։ Դրանից հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու կենդանու մահվան պատճառները։ Պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում կենդանին էլ չկա։
Գործընթացի իրավական կողմի մասին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացահայտումները, թերևս, սպասելի էին։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում ներկայացված չորս մեղադրանքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասով, արդեն իսկ կարճվել է։ Պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ապօրինի որսի մեղադրանք նույնպես չկա, իսկ մնացած երկու մեղադրանքները պաշտպանության կողմը համարում է անհիմն և վիճարկելու է օրենքով սահմանված կարգով։
Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու և հնարավոր վերանշանակումն ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Չորս վարույթներից երկուսը երկու օրում ոչնչացան, իսկ մնացած երկուսն էլ, ըստ այս գնահատականի, կկոտրվեն քննության փուլում, քանի որ վերաբերում են 2022-2024 թվականների դեպքերին։ Բայց այս փուլում Ծառուկյանի տապալումն ու առյուծազրկումը կազմակերպվել են Արթուր Պողոսյանի կողմից, քանի որ նոր կառավարության շրջանակներում երերում է նաև նրա աթոռը, և նա հավատարմության նոր նշաձող սահմանեց։ Ոչինչ, որ այս ամենի արդյունքում անմեղ կենդանին սատկեց, և այդ մահվան պատասխանատվությունը, ըստ այս պնդման, առաջին հերթին կրում է հենց Արթուր Պողոսյանը, ապա՝ քաղաքային իշխանությունը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

















































