Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրգործի շրջանակներում հուլիսի 6-ին խուզարկություններ են իրականացվել «Մուլտի գրուպ»-ի ավելի քան 70 հասցեում, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանում։ Խուզարկության ընթացքում աշխատակիցներին շտապ հեռացրել են տարածքից, անգամ չեն թույլատրել պատշաճ կարգով անջատել արտադրական սարքավորումները, վառարանները որի հետեւանքով վթարներ են տեղի ունեցել։ Ըստ որոշ լուրերի, պատճառված վնասն այնքան մեծ է, որ գրեթե համարժեք է նոր գործարան կառուցելուն: Բացի այդ` Հայաստանի ամենամեծ ցեմենտի գործարանը կանգնած է, եւ դա կառուցապատման ոլորտի համար լրջագույն խնդիրներ է առաջացրել: Մեզ դիմած կառուցապատողները նշում են, որ շինարարական ընկերությունները ցեմենտի պաշարներ չեն կարող պահեստավորել` աշխատում են ընթացիկ մատակարարումների հաշվին, եւ եթե մինչեւ ուրբաթ օրը «Արարատցեմենտը» չվերագործարկվի, հանրապետությունով մեկ բազմաթիվ շինարարություններ կկանգնեն։ Թեմայի մասին զրուցել ենք «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ:
– Կառուցապատողներն ասում են, որ «Արարատցեմենտ»-ի հետ կապված իրավիճակն էապես կարող է ազդել կառուցապատման աշխատանքների վրա, քանի որ Հայաստանի շինարարական ոլորտի զգալի մասը կախված է «Արարատցեմենտ»-ի մատակարարած ցեմենտից, իսկ գործարանն արդեն քանի օր է՝ չի գործում: Կառուցապատողներն ասում են` եթե մինչեւ ուրբաթ օրը խնդիրը չկարգավորվի, եւ ցեմենտ չմատակարարեն իրենց, կառուցապատման աշխատանքները հանրապետությունով մեկ կանգ կառնեն:
– Այս պահի դրությամբ կառուցապատողներից, որպես այդպիսին, բողոք չկա, որովհետեւ կան այլընտրանքային տարբերակներ, բնականաբար, եթե լինեն դժգոհություններ, այդ մասով կքննարկենք, այս պահի դրությամբ հանրային հնչեղություն ունեցող դժգոհության ալիք չկա:
– Ասում եք՝ շինարարները պետք է հայթայթեն, եւ կա այլընտրանք: Ինչի՞ մասին է խոսքը:
Կարդացեք նաև
– Մշտապես եղել են բերելու տարբերակներ, եւ դրանք շարունակվում են, օրինակ` հարեւան Իրանից, այնտեղ մշտապես առկա է այն, եւ շինարարները միշտ էլ բերել են, եթե չեմ սխալվում՝ այլ ԱՊՀ երկրներից եւս ցեմենտ բերելու հնարավորություն կա, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունից, սակայն հիմա կոնկրետ խոսքն իրանական ցեմենտի մասին է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































