Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից»

Հուլիս 09,2026 14:30 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվի զինվորական դատարանի կողմից ապօրինաբար 15 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարություն է արել։

Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ։

«Խաղաղության դատավարությունը շարունակվում է, ինչպես տեղյակ եք, վերաքննիչ դատարանում։ Մենք, իհարկե, շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում, և այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված։ Բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան։ Այդ մասին էլ հայտարարել ենք դատարանում, որևէ գաղտնիք չկա։

Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի, և ամոթ է։ Եվ պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում և չեն ուզում, որպեսզի այս ձևով, այս ընթացքով գնան միջազգային դատարան և պարտվեն։ Ինչ կլինի՝ այլ հարց է։

Անընդհատ դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, բայց ինչպես առաջին ատյանի դատարանն էր, հիմա էլ նույնն է. որևէ փոփոխություն, որևէ էական բան չկա։

Անցած շաբաթը իմ ելույթն էր, իմ խոսքն էր։ Ես ներկայացրի, թե ինչու եմ դիմել վերաքննիչ դատարան։ Խոսքս գրեթե նույնն էր, ինչ առաջին ատյանի դատարանում վերջին խոսքում, որ սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է։ Այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ։ Սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է, և այդպիսի մթնոլորտում է ընթանում։

Ասացի նաև, որ առաջին ատյանի դատարանը Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, մարդու և միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ է թույլ տվել։ Խոսքս, բնականաբար, ընդհատվում էր դատախազների և նաև դատավորի անհիմն միջամտություններով, բայց ինչևիցե, ամեն ինչ ավարտին հասցրինք։

Հոդված առ հոդված անդրադարձա, թե ինչպիսի, այսպես ասած, զրպարտություններով և ձևակերպումներով, առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի, կայացվել է դատավճիռը, ընտրվել են Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներ և կոպիտ ձևով ոչ միայն ինձ, այլեւ բոլորիս կպցրել, այսպես ասած, գործը կարել են։

Ես նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է։ Օրինակ՝ 1993 թվականին ծնված անձին վերագրում են 1991, 1992, 1993, 1994 թվականների ռազմական գործողությունների համար կասկածանք, և իբր թե դատարանում էլ այդ ամենը ապացուցվել է և վճռի մեջ էլ արտացոլվում է ու կայացվում վճիռ՝ 15 տարվա ազատազրկում։ Այսպես է ընթանում։

Ինչպես ասել եմ առաջին ատյանում եւ այստեղ հստակեցրել եմ և հստակ հայտարարել, որ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։

Կարևորը մեր ողջախոհությունն է։ Համբերատար և նպատակաուղղված մեր քայլերն ենք անում։ Արժանի ելույթներ ունենք։ Իսկ միջազգային դատարանի և միջազգային ատյանների հետ կապված ընդհանրապես քմծիծաղով և արհամարհական են վերաբերվում։

Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպիսի մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ինչ կարող են նրանք անել։ Սա է վիճակը։

Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական միջամտություններ ունենան։ Ինչպես, օրինակ, մեկ տարի առաջ դեռևս մեր լիազորությունների հետ կապված հարցն էր, որ 2025 թվականի օգոստոսից թե իմ, թե նաև որոշ մարդկանց լիազորություններ տալու հանգամանքը մինչև հիմա չի լուծվել, և չենք կարողացել ոչ մեր հարազատին, ոչ մեր իրավապաշտպանին լիազորություններ տալ։

Պատկերացրեք, պաշտպանները մինչեւ հիմա չունեն ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ դատավճիռը։ Դատավորը, հետաքրքիր է, մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին։ Հասկանո՞ւմ եք՝ ծանոթանան։ Այսինքն՝ նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ։

Պիտի ասեմ, որ արժանի ելույթներ ունենք, սպասում ենք այս փուլի ավարտին և հստակորեն մեր քայլերն ենք անում։

Մնացածը՝ ամեն ինչ նորմալ է։ Լավ մնացեք և պինդ եղեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031