«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է:
– Տեւական ժամանակ է՝ ծաղիկներ արտադրող ջերմոցները, ծաղիկ աճեցնողները ծաղիկը Ռուսաստան արտահանել չեն կարողանում, իշխանությունները պնդում են, որ գտել են Ռուսաստանի այլընտրանքը, ծաղիկները, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենը, արտահանում են Եվրոպա: Ինչպե՞ս է հարցը լուծվել, ինչպե՞ս եք հոգում ջերմոցի ծախսերը:
– Օգուտ չունենք, ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից երեք անգամ ցածր գնով: Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում անել: Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի: Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են: Կա՛մ գնի հետ կապված են մերժում, կա՛մ մաքսային հարցեր են առաջանում: Մի խոսքով, ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել:
– Օրինակ` ո՞ր եվրոպական երկիր եք փորձել արտահանել:
Կարդացեք նաև
– Տարբեր` Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան եւ այլն, ոչ մի ուղղությամբ չի ստացվում:
– Ի՞նչ պատճառաբանություն են տալիս, երբ մերժում են:
– Ոչ մի պատճառաբանություն էլ չեն տալիս: Նախ, ասեմ Ձեզ, որ ճանապարհը շատ երկար է, ինքնարժեքով չենք կարող մեծ քանակի ծաղիկ ուղարկել: Փոքր խմբաքանակով էլ անհնար է պրոցեսը կազմակերպել, որովհետեւ ինքնաթիռային փոխադրում չի գործում փոքր քանակի համար, իսկ ավտոմեքենայով անհնար է, ճանապարհը սարսափելի երկար է, իսկ ծաղիկը չի դիմանում, արդյունքում որակի հետ կապված խնդիրներ են առաջանում:
– Իսկ հիմա ի՞նչ արժեքով եք մեկ վարդը տեղական շուկայում վաճառում եւ առաջ ինչքանո՞վ էիք վաճառում:
– Առաջ` 150, 200, 250 դրամով` մեկ հատը, իսկ հիմա վաճառում ենք 70 եւ 50 դրամով, նայած որը:
– Ինչպե՞ս եք կարողանում ջերմոցի ծախսերը հոգալ:
– Ինքնարժեքից եռակի անգամ էժան գնով ծաղիկ ենք վաճառում, վարկեր ունենք, ծախսեր ունենք, աշխատողներ ունեմ` 100-ից ավելի, նախորդ ամիս մի կերպ եմ աշխատավարձ տվել ու մնացած հարցերը լուծել, այս ամիս չգիտեմ ոնց եմ անելու: Գումարներ եմ հայթայթել` էստեղից-էնտեղից, որ կարողանամ վճարումներ անել, աշխատակիցներին աշխատավարձ տալ եւ այլն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































