«Ֆորմլաբ» ընկերության նախաձեռնած «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում, համագործակցելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, Դիլիջանը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերին, միջազգային և հայաստանցի կինոգործիչներին՝ ներկայացնելու քաղաքի հարուստ մշակութային ժառանգությունն ու ստեղծագործական ներուժը։
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքի արվեստի կոդ» նախագծի համահեղինակ, կինոռեժիսոր Լուսինե Պապոյանը տեղեկացրեց, որ մշակութային շրջայցի ընթացքում հյուրերը բացահայտեցին Դիլիջանի պատմամշակութային միջավայրը, քաղաքի ինքնատիպ ճարտարապետությունը, շրջեցին Հովհաննես Շարամբեյանի անվան փողոցում, այցելեցին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ հյուրերին ցուցադրությունը ներկայացրել է համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Կարդացեք նաև
Հյուրերն այցելել են նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որտեղ ծանոթացել են Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրությանը։ Միջոցառման մասնակիցների թվում էին աշխարհահռչակ ֆրանսիացի կինոօպերատոր Բրյունո Դելբոնելը, ճանաչված պրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին, միջազգային կինոարտադրող Դանիել Շվարցը, միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներ Յասմին Չանը, Ջուստ Բրուրենը, Էմիլ Փարսեղյանը, Ամիր Զարգարան և այլք։
Դոմինիկ Վելինսկին նշեց, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում է, բայց Դիլիջանում առաջին անգամ է լինում: Ասաց, որ ուրախ է բացահայտել քաղաքը և հանդիպել երիտասարդ հայ կինոգործիչների հետ։ Նրա ձևակերպմամբ՝ Դիլիջանը ջերմ էր, իսկ նման հանդիպումները նոր գաղափարների, համագործակցությունների և համատեղ նախագծերի գրավական են։
«Դիլիջանը հյուրընկալեց տարբեր երկրներից ժամանած հյուրերի՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ լեզուն այլևս խոչընդոտ չէր։ Հիացմունքն ու հայացքները դարձան նրանց ընդհանուր լեզուն՝ ապացուցելով, որ երբեմն բնությունն ու արվեստը կարող են ասել ավելին, քան հազարավոր բառերը։ Եվ հենց սա է արվեստի ուժը, այն սահմաններ չի ճանաչում, որովհետև նրա լեզուն մեկն է՝ հասկանալի բոլորին»,- նշեց Լուսինե Պապոյանը։ Նա շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրանին» կարևոր համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի։
Հավելենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 12-ից։ Իսկ այսօր երեկոյան կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը։ Փառատոնի բացման ֆիլմը Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրաման է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հայկո Բադալյանի




















































