Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին․ եթե ինչ-որ բան Իրանի շահերին դեմ է, կարող են լինել համապատասխան հետևանքներ»․ Լևոն Զուրաբյան

Հուլիս 13,2026 15:58 Share

«Իմ հոգու պարտքը համարեցի գնալ ու մասնակցել եղբայրական ժողովրդի առաջնորդի հիշատակի միջոցառմանը։ Բավականին լավ կազմակերպված այց էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միջոցառումները կրում էին գլոբալ մասշտաբ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը իրենց մասնակցությանը։

ՀԱԿ փոխնախագահը նշեց՝ Իրանում հայտարարվել է, որ հուղարկավորության արարողություններին մասնակցել է մոտ 30 միլիոն մարդ։ Նահատակված հոգևոր առաջնորդին ոչ միայն Թեհրանում, այլ այլ քաղաքներում են հրաժեշտ տվել։

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց՝ Իրանում բավականին լուրջ հանդիպումներ են ունեցել․ «Հանդիպել ենք նաև այսօրվա հոգևոր առաջնորդի աներոջ՝ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Նա նախկինում եղել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Հնչեցին նաև գնահատականներ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ և դրա հնարավոր զարգացումների։ Բավականին բաց պարոն Ադելն ասաց, որ խորհուրդ չի տալիս Հայաստանին գնալ այդ կարգավորումներին։ Իրանի մյուս հարևան երկրների օրինակը բերելով՝ նշեց, որ եթե ինչ-որ բան դուրս է գալիս Իրանի շահերի դեմ, կարող են լինել համապատասխան հետևանքներ։

Սրանք բավականին անթաքույց նախազգուշացումներ էին, որոնք հաստատում են այն գնահատականները, որոնք մենք երկար ժամանակ տալիս ենք, ուղղակի մեր քարոզչությունը որոշել էր խաբեության մեջ պահել ժողովրդին՝ ասելով, որ Իրանի դեմ չէ, ԹՐԻՓՓ-ը նրա շահերին վնաս չի տալիս։

Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել Իրանի պաշտոնական շրջանակների, հոգևորականության հետ։ Իրանական պետական, փորձագիտական շրջանակները մեզ բացահայտ ներկայացնում էին իրենց մտահոգությունները, մոտեցումները։ Այս կազմակերպված այցը գնահատում եմ հետաքրքիր ազդանշան. Իրանի պետական շրջանակներում ցանկանում են բացվել ՀՀ-ի նկատմամբ և ավելի մեծ դերակատարություն ունենալ հայ իրանական հարաբերությունների հարցում։

Աշխարհաքաղաքական դիրքերի մասին բաց խոսակցություն էր գնում, մենք մասնակցեցինք մի կոնֆերանսի, որտեղ խոսվեց աշխարհաքաղաքական համակարգի և համաշխարհային այսօրվա համակարգի փոփոխության մասին։ Գնահատվում էին խնդիրները՝ մասնավորապես ԱՄՆ-ի դերի թուլացումը, թե ինչ նոր աշխարհակարգ է կառուցվում՝ բազմաբևեռ։ Խոսակցություններ կային, որ նոր աշխարհակարգում կարևոր խաղացողներ են լինելու Չինաստանը, ՌԴ-ն, Իրանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031