ԻՆՏԵՐՖԱՔՍ․ Կրեմլում սխալ են համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ, որը նա արտահայտել է նախօրեին։ Մոսկվան հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ այդ տեսակետի հետ։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի վերաբերյալ տեսակետին, ապա մենք այդ տեսակետը սխալ ենք համարում։ Եվ մենք բոլոր խողովակներով հետևողականորեն և փաստարկված կբացատրենք, թե ինչու ենք այն սխալ համարում», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ երեքշաբթի օրը լրագրողների համապատասխան հարցին պատասխանելով։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որը որդեգրել էր ուկրաինական հակամարտության հենց սկզբից՝ աջակցելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ալիևը նաև խոսել էր Ուկրաինայի տարածքների «օկուպացիայի» մասին։
«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի արտահայտած դիրքորոշմանը․ կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այդպիսի դիրքորոշում։ Այդ դիրքորոշման հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Եվ այո՛, դա մեր տարաձայնությունների առարկան է», — նշել է Պեսկովը։
Կարդացեք նաև
Պեսկովի խոսքով, սակայն, «դա պատճառ չէ, որպեսզի այդ հարցը որևէ ստվեր գցի ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա»։
«Այստեղ մենք առաջնորդվում ենք պրագմատիկ մոտեցմամբ և համարում ենք, որ պետք է ամեն կերպ զարգացնենք մեր հարաբերությունները, առավել ևս՝ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































