Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»

Հուլիս 15,2026 13:00 Share

Երևանի քաղաքացիական դատարանում վարչապետ Փաշինյանից 2026թ. մայիս ամսվանից հինգ հայց կա

Մայիսի 7-ին դատարան դիմած Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքացիական դատարան էր ներկայացրել հայցապահանջ։

Պարզվում է, դիմելու օրը՝ 2026 թ. մայիսի 7-ին լրագրողների հետ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, Սամվել Կարապետյանը ասել էր. «Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով, մոտավորապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը  կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում բարձրանում է ամբիոն, օգտագործում է այդ սնկերից»։ Պատասխանողը Սամվել Կարապետյանն է։

Հայցվորը հայտնում է, որ «այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում է իրեն՝ ՀՀ վարչապետին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։ Նա պահանջել էր հերքումն իրականացնել  յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով, անգամ ներկայացրել էր հերքման իր տեքստը։

Ըստ հայցվորի՝ հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։ Պատասխանող Սամվել Կարապետյանից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 6․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։ Դատավորը Երեմ Եսոյանն է, որին միջնորդել են հայցային վաղեմություն կիրառելու մասին։

2.Պատասխանողը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է

Դատավորն է Արմենուհի Բադիրյանը, որն հունիսի 15-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Ըստ հայցվորի, 2026 թ. մայիսի 27-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այդ տեղեկությունը ըստ հայցվորի՝ ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և «չի համապատասխանում իրականությանը»։ Հայցվորը պահանջում է հերքումն իրականացնել «Ուժեղ Հայաստան» ֆեյսբուքյան էջի միջոցով, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, տեղադրելով հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ 27․05․2026թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով։ Հրապարակմանն այլ հրապարակումների համեմատ տալ կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող գրառումն է: Հրապարակվող տեքստը չպետք է պարունակի պատասխանողի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակման տեքստի բառացի շարադրանքը։ Պատասխանող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 6․000․000  ՀՀ դրամ,  որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

3.Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի վարույթում է Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հերթական հայցապահանջը։ 2026 թ. մայիսի 25-ին, Սամվել Կարապետյանը տարածել էր տեղեկություն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Ըստ հայցվորի,  այդ տեղեկությունն ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Նա խնդրել էր հայցը բավարարել ամբողջությամբ։ Պարտավորեցնել պատասխանող Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։ Անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։ Պատասխանող Սամվել Կարապետյանից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 6․000․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

4.Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին հունիսի 10-ին մակագրվել է Էդմոն Մարուքյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը։ Հունիսի 9-ին Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին» գրառում է կատարել։

Պահանջը մեկն է՝ պատասխանող Էդմոն Մարուքյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Նիկոլ Փաշինյանից պատասխանող Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, որով կատարել էր վիճարկվող հրապարակումը։

5.Շիրակի մարզի դատավոր Լիլիթ Խաչատրյանին է մակագրվել Սոֆյա Հովսեփյանի դեմ հայցապահանջը։

Հունիսի 9-ին «hraparak.am» լրատվական կայքում և «hraparak.am» FB էջում «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հոդված է տպագրվել։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են հետևյալ տեղեկությունները․ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։

Նիկոլ Փաշինյանին «տականք» անվանելու համար հայցվորը  խնդրում է իրենից ներողություն։

Պատասխանող Սոֆյա Հովսեփյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Նիկոլ Փաշինյանից https://www.hraparak.am լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Ներողության տեքստը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես «Ներողության տեքստը»։ Ներողության տեքստը նշված լրատվամիջոցով ու նրա ֆեյսբուքյան էջով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։ Վիրավորանք պատճառելու համար հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի պատասխանող Սոֆյա Հովսեփյանից բռնագանձել 2,000,000 ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։ Զրպարտության համար հօգուտ հայցվորի՝ Սոֆյա Հովսեփյանից բռնագանձել 4,000,000 ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել